Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը կձեւավորի «ազգային քաղաքապետարան»


Երեւանի ավագանու ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում Հայ հեղափոխական դաշնակցությունը պատրաստվում է ձեւավորել ազգային քաղաքապետարան: Երկուշաբթի Երեւանի Զեյթուն թաղամասի թիվ 48 դպրոցի հարակից տարածքում կայացած նախընտրական հանդիպմանը այս մասին ասաց ընտրություններում Դաշնակցության համամասնական ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանը։

«Քաղաքապետը պետք է լինի ազգային նկարագրի տեր գործիչ: Այս նկարագրի տեր մարդը կարող է միայն ապահովել անկաշառ քաղաքապետարան», - իր ելույթում ասաց Մինասյանը:
Արծվիկ Մինասյանն ասաց, որ արտասահմանյան տարբեր քաղաքների հետ ձեւավորված փոխհարաբերությունները` որպես քույր քաղաքներ ու դրանց շուրջ կնքված համաձայնագրերը, ձեւական բնույթ են կրում։

Դաշնակցության կարեւոր մոտեցումներից մեկն է ամրապնդել կապը Ջավախքի, Լեռնային Ղարաբաղի հանրապետության եւ սփյուռքի հայ համայնքների հետ։ Մասնավորապես, դաշնակցականները նախատեսում են Վերնիսաժում վաճառվող ձեռքի աշխատանքները քաղաքապետարանի աջակցությամբ ներկայացնել արտերկրում ու իրացման ավելի ռեալ հնարավորություն ստեղծել։

«Դա հնարավորություն կտա ինչպես հայկական արվեստը ներկայացնելու դրսում, այնպես նաեւ մեր քաղաքացիների, արվեստի գործ ստեղծողների եկամուտները բազմապատկելու համար», - նշեց Մինասյանը:

Այսօր Հայ հեղափոխական դաշնակցության նախընտրական հանդիպմանը մասնակցում էր նաեւ գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Լոքյանը։ Նա ասաց, որ շատ հարցերում ուզում են Հայաստանի կառուցման գործում ներդնենք նոր հիմք, նոր սկզբունքներ ու նոր գաղափարներ։

«Երբ որ Հայ հեղափոխական դաշնակցությունը պնդում է, որ հայոց պետության մեջ միայն հայհոյելով, միայն կեղտոտելով չէ, որ կարելի է ընդդիմություն լինել, մարդիկ զարմանում են», - ասաց Լոքյանը:

Հանդիպմանը ներկաների մեծ բազմություն չկար։ Ոմանք ասացին, որ կուսակցության անդամ են, ոմանք համակիր են, քանի որ համարում են, որ դաշնակցության գաղափարները հայրենասիրական են։
XS
SM
MD
LG