Մատչելիության հղումներ

Ռուսաստանի եւ Վրաստանի պաշտոնյաները կհանդիպեն հինգերորդ անգամ


Երկուշաբթի օրը Ժնեւում տեղի կունենա Ռուսաստանի եւ Վրաստանի դիվանագետների հերթական՝ արդեն հինգերորդ հանդիպումը 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո:

Եվրոպական միության, ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի միջնորդությամբ անցկացվող երկօրյա բանակցությունների ընթացքում քննարկվելու են անվտանգության ապահովման եւ մարդասիրական օգնության խնդիրները: Նպատակն է` կանխել անջատողական երկու տարածքների՝ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի շուրջ ռուս - վրացական հնարավոր նոր բախումները:

Անցյալ տարվա օգոստոսյան կարճատեւ պատերազմից հետո Մոսկվան ճանաչել է այդ երկու տարածքների պետական անկախությունը եւ ստանձնել դրանց անվտանգության երաշխավորի դերը:

Վերլուծաբանները ենթադրում են, որ ժնեւյան այս հանդիպումն էլ որեւէ էական արդյունք չի ապահովի, քանի որ կողմերն իրարամերժ դիրքորոշումներ են որդեգրել:

Մասնավորապես, Աբխազիան արդեն հայտարարել է բանակցություններին չներկայանալու մասին: Ռուսաստանյան «Վրեմյա նովոստեյ» թերթի փոխանցմամբ, Սուխումիում համոզված են, որ «ՄԱԿ-ը դիվանագիտական խաղեր է սկսել` ցանկանալով նորից արծարծել Աբխազիան որպես Վրաստանի մաս ճանաչելու հարցը»:

ՄԱԿ-ի ներկայացուցիչները հայտնել են, որ զեկույցը կներկայացնեն երկուշաբթի կամ երեքշաբթի, ուստի այս պահին հայտնի չէ, թե Աբխազիան դրանում ինչ կարգավիճակով հիշատակված կլինի:

Աբխազիայի արտգործնախարար Սերգեյ Շամբան ասել է, թե իր երկրի անկախությունն արդեն ճանաչել է երկու պետություն՝ Ռուսաստանն ու Նիկարագուան, ուստի բավ է ՄԱԿ-ի փաստաթղթերում «Աբխազիա» անունն ամեն անգամ դնել չակերտների կամ փակագծերի մեջ:

Շամբայի կարծիքով, ՄԱԿ-ը հատուկ է ձգձգում փաստաթղթի հրապարակումը` Աբխազիան փաստի առջեւ կանգնեցնելու համար, այսինքն` ապահովելու անջատողականների մասնակցությունը բանակցություններին եւ ապա ներկայացնելու փաստաթուղթը, որում երկիրը նշված չի լինի իբրեւ անկախ միավոր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG