Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն թեկնածուներ է առաջադրում խորհրդարանի թափուր պաշտոններում


Իշխող Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրում է կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանին, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի պաշտոնում` խմբակցության անդամ Արտակ Դավթյանին:

Նիկոյանի` խորհրդարանի փոխնախագահ ընտրվելու դեպքում Հանրապետականը իր խմբակցության քարտուղարի պաշտոնում կառաջադրի կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը:

Որոշումը կայացվել է կուսակցության գործադիր մարմնի վերջին նիստում:

Խորհրդարանի փոխխոսնակի տեղը թափուր է իշխող կոալիցիայի կազմից Հայ հեղափոխական դաշնակցության դուրս գալուց եւ դաշնակցական պաշտոնյաների հրաժարականներից հետո, իսկ վերոհիշյալ հանձնաժողովի նախագահի պաշտոնն ազատվեց, երբ Արմեն Աշոտյանը նշանակվեց կրթության եւ գիտության նախարար:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, կուսակցության խմբակցությունը համապատասխան պաշտոններում թեկնածուներին կառաջադրի Ազգային ժողովի երկուշաբթի օրվա նիստում:

Հարցին` արդյո՞ք Սամվել Նիկոյանը, ընտրվելով խորհրդարանի փոխնախագահ, կշարունակի գլխավորել մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը, Շարմազանովը պատասխանեց. - «Կարծում եմ, այստեղ ամեն ինչ կլինի օրենքին համապատասխան, եւ որեւէ հակասություն օրենքի հետ չի լինի»:

Ինչ վերաբերում է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահի պաշտոնին, որից մայիսի սկզբին հրաժարական է տվել Դաշնակցություն խմբակցության անդամ Արթուր Աղաբեկյանը, Հանրապետականի խոսնակը ասաց. - «Արթուր Աղաբեկյանը իր դիմումը հետ չի վերցնում, այսինքն` ինքը հրաժարական է տալիս, բայց Հայ հեղափոխական դաշնակցության խմբակցությունը պատրաստակամություն է հայտնել գլխավորել այդ հանձնաժողովը, ապա հաշվի առնելով նաեւ, որ մենք ընդունել ենք օրենք ընդդիմության մասին, կարծում եմ, Հայ հեղափոխական դաշնակցությունը կարող է իր պրոֆեսիոնալ թիմից որեւէ այլ թեկնածուի առաջադրել այդ պաշտոնում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG