Մատչելիության հղումներ

Օհայոյի ընտրական հանձնաժողովը Հայոց ցեղասպանության հարցով վեճ կքննի


Օհայոյի նահանգային ընտրական հանձնաժողովը հինգշաբթի օրը որոշել է քննել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ վեճը 2008 թվականի կոնգրեսական ընտրություններում երկու մրցակիցների միջեւ:

«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության վկայությամբ` Ցինցինատիից հանրապետական կոնգրեսական Ջին Շմիդտը պնդում է, թե իր ամերիկահայ մրցակից Դավիթ Գրիգորյանը խախտել է ընտրական օրենքը` իրեն մեղադրելով Հայոց ցեղասպանության ուրացման ուղղությամբ թուրքական կողմի ջանքերում «խամաճիկ» լինելու մեջ:

Գրիգորյանը հայտարարել էր, որ Շմիդտի մեկնաբանությունները, թե ինքը բավարար ապացույցներ չունի մեկեւկես միլիոն հայերի ջարդերը «ցեղասպանություն» անվանելու համար, նրան զրկում են Կոնգրեսում աշխատելու բարոյական իրավունքից:

Ամերիկահայ գործիչը հինգշաբթի օրը կայացած լսումներից հետո հրաժարվել է սեղմել Շմիդտի փաստաբանի ձեռքը:

«Իմ իրավունքն է` մատնանշել այդ փաստերը, որ նա ժխտում է Հայոց ցեղասպանությունը», - հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է Գրիգորյանը:

Նա պնդում է, որ Շմիդտը ընտրարշավի ժամանակ թուրքական լոբբիից նվիրատվություններ է ստացել, ինչի դիմաց ժխտում է ցեղասպանությունը:

«Այո, ես դա անվանում են արյունոտ փող, քանի որ այնտեղ, որտեղից ես եմ եկել, անմեղ կանանց եւ երեխաների սպանությունը ուրանալու համար վերցված փողը արյունոտ փող է», - ասել է Գրիգորյանը` հավելելով. - «Դա դատապարտելի է»:

Դաշնային ընտրական հանձնաժողովի արձանագրությունների համաձայն` 2008 թվականի հունվարից մինչեւ հոկտեմբեր Շմիդտը «Թուրք-ամերիկյան «Ժառանգություն» քաղաքական գործողության կոմիտե» կազմակերպությունից ստացել է 3,3 հազար դոլար: Այդ կազմակերպությունը իր նպատակն է հռչակել թուրքական ժառանգությունը Միացյալ Նահանգների էթնիկ խմբերի «զրպարտչական արշավներից» պաշտպանելը` հանրային կարծիքի վրա ազդելու միջոցով:

Դավիթ Գրիգորյանը Կոնգրեսի մանդատի համար Ջին Շմիդտի հետ մրցակցելու է նաեւ 2010 թվականին` արդեն որպես Դեմոկրատական կուսակցության թեկնածու: 2008 թվականին նա որպես անկախ թեկնածու ստացել էր ձայների 18 տոկոսը` արդյունք, որը, ամերիկահայ գործիչ համոզմամբ, անհանգստացրել է Շմիդտին, եւ վերջինս փորձում է վարկաբեկել իրեն նոր ընտրարշավից առաջ:

Օհայոյի նահանգապետ Թեդ Սթրիքլենդը 2007 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG