Մատչելիության հղումներ

Նինկե Օմես. «Հայաստանի տնտեսական անկման ցուցանիշը կարող է գերազանցել 5 տոկոսը»


Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չբացառեց, որ Հայաստանի տնտեսական անկման ցուցանիշը կարող է գերազանցել 5 տոկոսը:

Օրերս Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) նոր զեկույց էր ներկայացրել Հայաստանի տնտեսության մասին, որում կանխատեսել էր, թե այս տարի Հայաստանի տնտեսությունը 5 տոկոսի անկում կարձանագրի։ ԱՄՀ-ի՝ ավելի վաղ արած կանխատեսման համաձայն, 2009 թվականի ընթացքում Հայաստանի Համախառն ներքին արդյունքը կրճատվելու էր ընդամենը 1,5 տոկոսով։

«Առկա են մի շարք բացասական գործոններ, առավելապես կապված Ռուսաստանի հետ։ Այդ երկրում իրադրությունը կարծես ավելի վատ է, քան որեւէ մեկը կարող էր սպասել, իսկ ճգնաժամի հետագա խորացումը Ռուսաստանում բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա», - մեկնաբանեց ԱՄՀ-ի ներկայացուցիչը:

Նինկե Օմեսը նաեւ անդրադարձավ Հայաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագրի վերաբերյալ ԱՄՀ-ի զեկույցում հնչեցված դրական գնահատականին. - «Մենք կարծում ենք, որ Հայաստանի կառավարությունը ճիշտ գործողություններ է իրականացնում այդ ուղղությամբ։ Առաջին հերթին նկատի ունեմ Կենտրոնական բանկի շատ կարեւոր որոշումը` ազգային արժույթի լողացող փոխարժեքի ապահովման մասին։ Դա շատ անհրաժեշտ միջոցառում էր, ինչի արդյունքում կէժանանան Հայաստանից արտահանվող ապրանքները` դառնալով ավելի մրցունակ: Որպես օրինակ, նշեմ Հայաստանի հանքարդյունաբերական ձեռնարկությունները։ Դրանք դադարեցրել էին իրենց գործունեությունը, սակայն, ինչպես տեսնում ենք, բոլորովին վերջերս նորից սկսել են աշխատել, քանի որ ազգային արժույթի ներկայիս փոխարժեքի պայմաններում դրանց արտադրանքը միջազգայի շուկայում ավելի մրցունակ է դարձել»։

Նինկե Օմեսի փոխանցմամբ, Արժույթի միջազգային հիմնադրամը նաեւ բարձր է գնահատում փոքր եւ միջին ձեռնարկատերերին վարկային աջակցություն ցուցաբերելու` Հայաստանի կառավարության պատրաստակամությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG