Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը քննադատում է Ադրբեջանի «ապակառուցողական» դիրքորոշումը


Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունենում ԵԽ-ի նախարարների կոմիտեի նիստում, 12 մայիսի, 2009
Իր անվտանգությունը ապահովելու` Ղարաբաղի ժողովրդի մտահոգությունը ընկած էր ինքնորոշման իրավունքի օրինական պահանջի հիմքում, եւ դրան Ադրբեջանը հակադրեց ուժ` էթնիկ զտումներ, բացահայտ լայնածավալ ագրեսիա` ներառելով ահաբեկչական խմբավորումների հետ կապված վարձկանների: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` երեքշաբթի օրը ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստում:

Մադրիդում անցկացված նիստում խոսելով Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացի մասին` Նալբանդյանը ընդգծել է, որ 2001 թվականին կողմերը բավականին մոտ էին կարգավորմանը, սակայն Ադրբեջանի «ապակառուցողական» դիրքորոշման եւ ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելու պատճառով դա չիրականացավ:

Հայաստանի արտգործնախարարի խոսքերով` Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը շարունակություն ունեցավ Ադրբեջանի ղեկավարության կողմից 2007 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների գոյությունն իսկ ամիսներ շարունակ մերժելու տեսքով:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները, 2008 թվականին Մոսկվայում ու Հելսինկիում ընդունված հռչակագրերն ու հայտարարությունները գնահատելով որպես խաղաղ գործընթացում առաջընթացի նախանշաններ` Էդվարդ Նալբանդյանը հույս է հայտնել, որ եթե Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվի իր ապակառուցողական մոտեցումներից եւ դադարեցնի ռազմատենչ եւ հայատյաց քարոզչությունը, ապա Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունները կարող են մոտեցնել կողմերի դիրքորոշումները եւ հանգեցնել խնդրի կարգավորմանը:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 119-րդ նիստին, որը տեղի էր ունենում Եվրախորհրդի ստեղծման 60-ամյակի միջոցառումների շրջանակներում, մասնակցել են կազմակերպության անդամ 47 երկրների, 5 դիտորդ երկրների եւ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակություններ, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահները:

Նիստի բացմանը մասնակցել եւ ողջույնի խոսքով է հանդես եկել Իսպանիայի արքայազն Ֆելիպեն:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նիստի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել Եվրախորհրդի նախագահությունը ստանձնող Սլովենիայի արտգործնախարար Սամուել Զբոգարի, Լիտվայի արտգործնախարար Վիգաուդաս Ուզասկուսի Շվեյցարիայի արտգործնախարար Միշլին Կալմի-Ռեյի, Պորտուգալիայի Եվրոպական հարցերով պետական քարտուղար Թերեզա Ռիբեյրոյի, Հունգարիայի արտգործնախարար Պետեր Բալաշի, Սերբիայի արտգործնախարար Վուկ Յերեմիչի հետ:

Ավարտելով այցելությունը Մադրիդ` Հայաստանի արտգործնախարարը վերադարձել է Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG