Մատչելիության հղումներ

Վրաստանի ընդդիմությունը չի դադարեցնի բողոքի ակցիաները


Վրաստան. նախագահ Սահակաշվիլին հանդիպում է ընդդիմության առաջնորդների հետ, 11 մայիսի, 2009
Վրաստան. նախագահ Սահակաշվիլին հանդիպում է ընդդիմության առաջնորդների հետ, 11 մայիսի, 2009

«Ընդդիմության հետ բանակցությունների անցկացման փաստն իսկ վրացական ժողովրդավարության հաղթանակն է», - երկուշաբթի օրը Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին` ամփոփելով ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքները:

«Ես ողջունում են այն հանգամանքը, որ արմատական գործողություններից, կոշտ, երբեմն նաեւ վիրավորական հայտարություններից հետո նման քայլ է կատարվում դեպի քաղաքակիրթ ու կառուցողական հարաբերություններ», - ասել է Սահակաշվիլին:

Նույն օրը կայացած հանդիպման ժամանակ Վրաստանի նախագահը ընդդիմությանն առաջարկել է առաջատար դեր ստանձնել սահմանադրական փոփոխությունների նախապաստրաստմամբ զբաղվող հանձնաժողովում: «Սահմանադրական այդ բարեփոխումների նպատակը պետք է լինի խորհրդարանի դերի բարձրացումը», - ասել է Սահակաշվիլին` հավելելով. - «Մեր նպատակն է ունենալ ուժեղ նախագահ եւ ուժեղ խորհրդարան»:

Բացի այդ, Սահակաշվիլին ընդդիմությանն առաջարկել է Հանրային հեռուստաընկերության խորհրդին մաս կազմել, ինչպես նաեւ աշխատել իշխանությունների հետ` Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ուղղությամբ:

Ընդդիմությունը, սակայն, բավարարված չէ հանդիպման արդյունքներով:

«Սահակաշվիլին պնդում է, որ երկրում ճգնաժամ չկա: Ամենացավալին այն է, որ նա իր այդ խոսքերին անկեղծորեն հավատում է: Սա նշանակում է, որ իմ երկխոսությունը Սահակաշվիլիի հետ մոտեցել է ավարտին», - հայտարարել է, մասնավորապես, նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին:

«Հանուն Վրաստանի» դաշինքի ղեկավար, ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան Իրակլի Ալասանիան, իր հերթին, ասել է. - «Այն, որ հանդիպման ընթացքում որեւէ կոնկրետ արդյունք չի արձանագրվել, որը կօգներ դուրս գալ քաղաքական ճգնաժամից, չպետք է հիասթափեցնի մեզ: Մենք պետք է շարունակենք մեր ամենօրյա պայքարը` լրատվամիջոցներում ներկայացված լինելու, մեր կողմնակիցների անվտանգությունն ապահովելու համար: Սա ամենօրյա հստակ ու հաշվարկված քայլեր է պահանջում մեզանից, եւ այն իրողությունը, որ ընդդիմության բողոքի ակցիան շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի, վկայում է, որ մենք չենք հոգնել»:

Ընդդիմությունը չի պատրաստվում դադարեցնել բողոքի ակցիաները` նպատակ ունենալով առաջիկա շաբաթներին ցույցերն ու հանրահավաքները տեղափոխել երկրի մի շարք խոշոր քաղաքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG