Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը «բացելու է մարդկանց աչքերը»


Երեւանի «Մաշտոց» համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը, հիշեցնելով, որ մայրաքաղաքի բոլոր համայնքների գորոծղ ղեկավարները ընդգրկված են Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում, Վահան Հովհաննիսյանը ասաց. – «Եթե բոլոր գործող թաղապետերը զետեղված են այդ մեկ ցանկում, ենթադրել կարելի է, որ հաջողության դեպքում նրանք կպահպանեն իրենց պաշտոնները: Հարց է առաջանում՝ այդ ի՞նչ պիտի անեն, որ չէին կարող անել մինչեւ հիմա: Եվ ինչո՞ւ չեն արել»:

Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրենց համամասնական ցուցակում չկան կաշառակերներ ու «վատ իմաստով» հանրաճանաչ մարդիկ: Դաշնակցությունն այլեւս ընդդիմություն է, քանի որ, նրա խոսքով, այսօր իշխանությունները վարում են «երկրի համար վտանգավոր արտաքին քաղաքական կուրս»:

«Հիմա այլեւս, որպես ընդդիմություն, մենք, իհարկե, ձեր աչքերը կբացենք շատ եւ շատ այլ թերությունների վրա, որոնք մինչ հիմա կարող էինք համարել երկրորդական, քանի համոզված էինք, որ առնվազն երկրի անվտանգությունը վտանգված չէ: Հիմա վտանգված է», - հայտարարեց Դաշնակցության ղեկավար անդամը:

ՀՅԴ անդամ Ալբեր Աճեմյանն իր խոսքում ասաց, որ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններն այսօր խոսում են, որ Երեւանը կորցրել է իր դեմքը, սակայն «ոչ ոք չի խոսում դրա իրական պատճառների մասին»: Աճեմյանի կարծիքով, առաջին պատճառն այն է, որ իշխանության մեջ սերտաճել է տնտեսական օլիգարխիան: Բացի այդ, Երեւանի քաղաքապետն ընտրովի չէր:

«Երրորդ հիմնական պատճառը այն էր, որ ժողովուրդը աստիճանաբար, այս ղեկավարման մեթոդի բերումով, օտարացավ, խորթացավ իր քաղաքի հետ», - շարունակեց նա: - «Այսօր չկա այն սերը, այն մտահոգությունը, այն ապրումը, որ մեր երեւանցին ունեցել է իր քաղաքի նկատմամբ»:
XS
SM
MD
LG