Մատչելիության հղումներ

Համանախագահները հրադադարի լիակատար պահպանման կոչ են անում


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին կոչ են անում պահպանել հրադադարը եւ հույս են հայտնում, որ «ներկայիս առաջնորդները ի վիճակի կլինեն հաղթահարելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության բարդ պատճառներն ու դժվարին հետեւանքները»:

«15 տարի առաջ Լեռնային Ղարաբաղում դադարեցին լայնամասշտաբ ռազմական գործողությունները, որոնք դարձել էին նախկին ամենակատաղի հակամարտությունը նախկին Խորհրդային Միության տարածքում: Այդ ժամանակվա առաջնորդները խիզախ եւ հեռատես որոշում կայացրեցին` հրահանգելու իրենց ռազմական հրամանատարներին` ստորագրել անմիջապես անժամկետ հրադադար հաստատելու մասին համաձայնություն», - ասված է միջնորդների երկուշաբթի օրվա հայտարարությունում, որը պաշտոնապես հրապարակել է ԵԱՀԿ-ը: «Դժբախտաբար, այդ հրադադարը լիակատար չէ, եւ ամեն տարի ողբերգականորեն կյանքեր են կորսվում ճակատային գծերի երկայնքով», - ընդգծում են համանախագահները:

Միջնորդները հույս են հայտնում, որ «խաղաղ կարգավորումը, որի ուղղությամբ ներկայումս աշխատում են կողմերը, թույլ կտա նոր սերունդներին Հայաստանում, Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում մեծանալ առանց պատերազմի սարսափները ապրելու»: Մինչ այդ, նրանք կողմերին կոչ են անում կիրառել հրադադարի մասին 1994 թվականի համաձայնության, 1995 թվականին համաձայնեցված «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հրադադարը ամրապնդելու մասին առաջարկների», ինչպես նաեւ ճակատային գծից դիպուկահարներին ետ քաշելու վերաբերյալ 2008 թվականի հելսինկյան նախարարական հանդիպման ժամանակ համանախագահների արած առաջարկների կետերը:

«Հույս ենք հայտնում, որ ներկայիս առաջնորդները ի վիճակի կլինեն հաղթահարելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության բարդ պատճառներն ու դժվարին հետեւանքները եւ ստեղծելու անվտանգության, տարածաշրջանի ժողովուրդների միջեւ փոխադարձ վստահության, համագործակցության եւ արդյունավետ հաղորդակցության մթնոլորտ, ինչը նրանց թույլ կտա ապրել խաղաղության մեջ` որպես լավ հարեւաններ: Հուսով ենք նաեւ, որ առաջնորդներին կհաջողվի, Մինսկի խմբի համանախագահների հետ համագործակցաբար, վերջնական տեսքի բերել խաղաղ կարգավորման իրենց Հիմնարար Սկզբունքները», - ամփոփել են իրենց հայտարարությունը Մեթյու Բրայզան, Յուրի Մերզլյակովը եւ Բեռնար Ֆասիեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG