Մատչելիության հղումներ

Շարմազանովը կրկին բացառել է արտահերթ ընտրությունների անցկացումը


ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով
Հանրապետական կուսակցության խոսնակ, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը կրկին բացառել է արտահերթ ընտրությունների անցկացումը Հայաստանում:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հինգշաբթի օրվա հանրահավաքում ասել էր, թե ընդդիմության պահանջը անփոփոխ է` Հայ ազգային կոնգրեսը պահանջում է արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ:

Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, թե իշխանության օրակարգում նման հարց չկա:

«Հայաստանում այսօր արտահերթ ընտրությունների անցկացման որեւէ նախադրյալ, որեւէ պատճառ ես չեմ տեսնում, մանավանդ որ այսօր արդեն ծայրահեղական տրամադրությունները անցնում են երկրորդ պլան, եւ մանավանդ որ մեկ տարի հետո լինելու են խորհրդարանական ընտրություններ: Ես կարծում եմ, որ տրամաբանական չէ: Նաեւ մեր գործընկերներն են գիտակցում, որ դժվար թե լինի արտահերթ ընտրություններ», - ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով` պետք չէ շփոթել երկխոսությունն ու գործարքը. իշխանությունը «ոչ մի քաղաքական ուժի հետ գործարքի չի գնում»:

Հարցին, թե ինչպես է պատկերացնում երկխոսությունը, Շարմազանովը պատասխանեց. - «Քանի որ արդեն խաղի կանոնները մշակվում են, եւ դու գիտես, որ քո օպոնենտները պատրաստ են այս խաղի կանոններով շարժվել, չեն գնալու ծայրահեղության, կարծում եմ` սա արդեն առաջին երաշխիքներից է, որ կարող են նստել, բանակցել: Ես չեմ կարծում, որ նախագահի խորհրդակցությունները սահմանափակվեցին այդ երեքով: Կլինեն, կարծում եմ, էլի խորհրդարկցություններ, որովհետեւ սա նոր մշակույթ է մեր քաղաքական դաշտում, եւ կարծում եմ` այն ուժերը, ովքեր ժամանակին բոյկոտել են, կգիտակցեն, որ ոչ ճիշտ քայլ են կատարել… եւ կգան, կնստեն կլոր սեղանների շուրջը, կխոսեն իրենց կարծիքների մասին` լինի դա ղարաբաղյան հիմնահարցի լուծում, լինի դա սոցիալ-տնտեսական ճգնաժամների վերացում, լինի դա հայ-թուրքական հարաբերություններ, սոցիալական բեռի թեթեւացում»:

Ընդդիմադիր «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը խորհրդարանական արտահերթ ընտրությունների շուրջ չի ծավալվի: Նա չի բացառում, որ այդ երկխոսությունը ապագա խորհրդարանում մանդատների բաշխման շուրջ լինի:

«Իշխանությունը մինչեւ հիմա որեւէ ցանկություն եւ դիրքորոշում չի հայտնել արտահերթ ընտրություն ունենալու: Հակառակը` անընդմեջ հայտարարվել է, որ ընտրությունները լինելու են հերթական: Հետեւաբար, եթե այս դիրքորոշումը համարում ենք կարծր դիրքորոշում եւ ընդունում ենք, որ իշխանությունը երբեք չի գնալու արտահերթ ընտրության, ապա պիտի նաեւ ընդունենք, որ ՀԱԿ-ի մարտավարությունը գնում է դեպի փակուղի, եթե իր վերջնանպատակը արտահերթ ընտրություններ են», - կարծիք հայտնեց Սաֆարյանը:

Նա համոզված է, որ եթե Մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ քայլ էր արվելու, ապա պետությունը պարտավոր էր դատապարտել տեղի ունեցածը, եթե Ազատության հրապարակը բացվելու էր, ապա` ոչ պայմանով:

«Սերժ Սարգսյանը գրեթե անուղղակի խոստովանել է, որ այդ հրապարակը տալիս է ընդդիմությանը այն պայմանով, որ ընդդիմությունը իրեն խելոք կպահի, որովհետեւ վերջին շրջանում առանձնակի անկարգություններ չեն դրսեւորվել… Եթե սա ընդունելի մոտեցում է համարվում Հայ ազգային կոնգրեսի համար, սա նշանակում է նաեւ ընդունել խաղի կանոնը: Հետեւաբար` սա նշանակում է նաեւ չնստել Ազատության հրապարակում, չմնալ Ազատության հրապարակում եւ չբողոքել այն տեսքով, ինչ տեսքով որ պատկերացնում է ժողովուրդը: Հետեւաբար, այս առումով ես կարծում եմ, որ Հայ ազգային կոնգրեսի ղեկավարությունը կաշկանդված է, որովհետեւ դա կնշանակի ուղղակի պայմանների խախտում, խաղի կանոնների խախտում, որոնք ընդունելի են համարել», - եզրափակեց Ստեփան Սաֆարյանը:
please wait

No media source currently available

0:00 0:04:15 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG