Մատչելիության հղումներ

«Բարգավաճ Հայաստան»-ում «իշխում են» Աժ ընտրություններին ինքնուրույն մասնակցելու տրամադրություններ


Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանը եւ Արթուր Բաղդասարյանը ստորագրում են կոալիցիոն նոր հուշագիրը: 17-ը փետրվարի, 2011թ.
Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանը եւ Արթուր Բաղդասարյանը ստորագրում են կոալիցիոն նոր հուշագիրը: 17-ը փետրվարի, 2011թ.

Իշխող կոալիցիա մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում «գերիշխող տրամադրությունն» այն է, որ խորհրդարանական ընտրություններին գնալու են ինքնուրույն:

«Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդում գերիշխող տրամադրությունն այն է, որ մենք խորհրդարանական ընտրություններին գնալու ենք ինքնուրույն: Եվ կարծում եմ` սա նաեւ մեր շարքերի ընդհանուր տրամադրությունն է: Եվ դրա համար բազմաթիվ պատճառներ կան», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հինգշաբթի օրը ասաց կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը` հավելելով. - «Ուզում եմ հատուկ ընդծել, որ առայսօր «Բարգավաճ Հայաստան»-ի ո'չ քաղաքական խորհրդում եւ ո'չ էլ պատգամավորական խմբակցությունում ընտրությունների հետ կապված հարցեր, ցուցակների հետ կապված, նախընտրական տակտիկայի հետ կապված հարցեր ընդհանրապես չեն քննարկվել: Որովհետեւ մենք կարծում ենք, որ ամեն ինչ լավ է իր ժամանակին»:

Նա նշեց, որ «Բարգավաճ Հայաստան»-ը նախընտրական գործողությունները կսկսի ավելի ուշ. - «Դա արտահայտվելու է նրանով, որ մենք սկսելու ենք աշխատել մեր նախընտրական պլատֆորմի վրա… Դա կլինի ավելի ուշ` երեւի ամառային արձակուրդներից հետո: Վստահ եմ` շտապելու պատճառ չկա: Այսօրվա քաղաքական իրողությունները եւ աշխատանքը թելադրում են կոնկրետ մոտեցումներ, եւ մենք աշխատում ենք կոալիցիայի մեր գործընկերները հետ օրվա քաղաքական խնդիրների վրա»:

Հարցին, թե արդյոք նման մոտեցումը ստվեր չի գցում կոալիցիոն նոր հուշագրի վրա, Արամ Սաֆարյանը պատասխանեց. - «Մենք անկեղծ, մաքուր սրտով, պատրաստակամորեն ստորագրել ենք կոալիցիոն հուշագիրը` ելնելով այն պարզ իրողությունից, որ Հայաստանի Հանրապետության նախագահին, որին մենք հարգում ենք եւ ամբողջովին սատարում, անհրաժեշտ է գործելու ազատություն` երկրի առջեւ կանգնած բարդ քաղաքական, ռազմական, տնտեսական, ֆինանսական խնդիրները լուծելու համար: Եվ մենք նրան այդ ազատությունը տվել ենք: Եվ մենք շարունակելու ենք սատարել նրան այս ամբողջ ընթացում: Ինչ վերաբերում է ընտրություններին մեր մասնակցությանը` դրա մասին խոսելու ժամանակը դեռ կգա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG