Մատչելիության հղումներ

Ամերիկյան բանկը կֆինանսավորի Ադրբեջանի կողմից արբանյակի ձեռք բերումը


Միացյալ Նահանգների Արտահանման եւ ներմուծման (Export-Import) բանկը երեկ հաստատել է Ադրբեջանի կողմից արդիական արբանյակի ձեռք բերումը ֆինանսավորելու գործարքը: Հաղորդելով այդ մասին, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը քննադատում է բանկի որոշումը` հիշեցնելով, մասնավորապես, որ ընդամենը շաբաթներ առաջ պաշտոնական Բաքուն սպառնում էր քաղաքացիական օդանավեր ոչնչացնել:

Հայ դատի գրասենյակն ընդգծում է, որ Կոնգրեսում լուրջ վերապահումներ էին արտահայտվել Միացյալ Նահանգների այնպիսի գործողությունների առնչությամբ, որոնք կմեծացնեն Ադրբեջանի ռազմական կարողությունները Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պաշտոնական Բաքվի ագրեսիայի աճող սպառնալիքի պայմաններում, նման գործարքներին խիստ ընդդիմանում է նաեւ ամերիկահայ համայնքը:

Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մտահոգություն է հայտնել Արտահանման եւ ներմուծման բանկի որոշման կապակցությամբ եւ շեշտել, որ բանկի նախագահ Ֆրեդ Հոչբերգի գրավոր հավաստիացումը, թե «արբանյակը չունի ռազմական հնարավորություններ», եւ «պատշաճ միջոցներ» են ձեռնարկվել այն ռազմական միավորներից հեռու պահելու համար, չունի թափանցիկության` նման դեպքերի համար անհրաժեշտ մակարդակը:

«Մենք շարունակում ենք կոչ անել վարչակազմին` ամբողջությամբ հրապարակել այդ պայմանագիրը», - հայտարարել է Համբարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG