Մատչելիության հղումներ

Ստամբուլի ջրանցքը` 21-րդ դարի խոշորագույն տրանսպորտային նախագիծ


Թուրքիա - Բոսֆորի նեղուցի վրայով անցնող երկու կամուրջներից մեկը Ստամբուլում
Թուրքիա - Բոսֆորի նեղուցի վրայով անցնող երկու կամուրջներից մեկը Ստամբուլում
Թուրքական կառավարության հաշվարկներով, Բոսֆորի նեղուցը շրջանցող` Մարմարա եւ Սեւ ծովերը կապող նոր ջրանցքի կառուցման համար կպահանջվի 8 տարի եւ 10 միլիարդ դոլար: Այս մասին հայտարարել է Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը:

Անկախ տնտեսագետները, սակայն, կարծում են, որ Ստամբուլի քաղաքային իշխանության ղեկավարը առնվազն երկու անգամ նվազեցրել է ջրանցքի կառուցման գինը:

Թուրքական կառավարությունը ջրային նոր ուղու կառուցման արժեքի մասին պաշտոնական որեւէ տեղեկատվություն չի հաղորդում: Վարչապետ Ռեջեփ Էրդողանն ասել է, թե այդ տեղեկատվությունն առժամանակ գաղտնի կպահվի` «բացասական արձագանքներից եւ անարդարացի գնահատականներից խուսափելու համար»:

Չորեքշաբթի օրը դիմելով Ստամբուլում կազմակերպված տնտեսական համաժողովի մասնակիցներին` Էրդողանը պնդել է, թե ջրանցքի կառուցումը լիովին փոխելու է քաղաքի աշխարհագրությունը:

«Բազմաթիվ քաղաքներ կան, որ գտնվում են գետերի ափերին: Ստամբուլն աշխարհի միակ քաղաքն է, որով ոչ թե գետ է հոսում, այլ` ծով: Շուտով Ստամբուլով ոչ թե մեկ, այլ երկու ծով է հոսելու», - հայտարարել է թուրքական կառավարության ղեկավարը` վստահեցնելով, թե մեծ է լինելու Ստամբուլի ջրանցքի կառուցման տնտեսական էֆեկտը:

«Սա գիտական, էներգետիկ, քաղաքաշինական ծրագիր է, որը կնպաստի նաեւ բնապահպանական խնդիրների լուծմանն ու գործազրկության հաղթահարմանը: Այս նախագծի շնորհիվ մենք կկարողանանք պահպանել Ստամբուլի եւ մերձակայքի բնությունը, կբարելավենք բնապահպանական վիճակը քաղաքի ներսում», - ասել է Էրդողանը:

Ինչ վերաբերում է նախագծվող ջրանցքի տեխնիկական չափանիշներին, ապա դրանք եւս բավական տպավորիչ են: Ջրանցքն անցնելու է Ստամբուլի եվրոպական հատվածով, ունենալու է 50 կիլոմետր երկարություն, 25 մետր խորություն եւ 150 մետր լայնություն:

Bloomberg գործակալության մասնագետների կարծիքով` ջրանցքը, նախ եւ առաջ, սպասարկելու է ռուսական նավթը դեպի Եվրոպա տեղափոխող տանկերները: Այսօր Բոսֆորով օրական 3 միլիոն բարել նավթ է տեղափոխվում:

Տնտեսագետները համոզված են, որ Ստամբուլի ջրանցքի կառուցման դեպքում այդ ցուցանիշը կաճի, քանի որ ջրային ադ ուղուց հնարավորություն կստանան օգտվել նաեւ ամենամեծ տանկերները` մոտ 300 հազար տոննա տարողունակությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG