Մատչելիության հղումներ

Նախկին վարչապետը «կասկածի տակ է առնում» կառավարության ղեկավարի հայտարարությունը


Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կասկածի տակ է առնում գործող վարչապետի հայտարարությունները միջին խավ ձեւավորելու մտադրության կապակցությամբ:

Բագրատյանի խոսքով, օրինակ, տնտեսական ճգնաժամի տարիներին Հայաստանի իշխանությունները արտերկրից ներգրավեցին հսկայական միջոցներ, սակայն դրանց միայն չնչին մասը գնաց փոքր ու միջին բիզնեսի աջակցությանը:

«Ռուսական 500 միլիոնից մի քանի միլիոն դոլար ի վերջո հատկացրեցին հիպոթեկին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հինգշաբթի օրը ասաց նախկին վարչապետը` շարունակելով. - «Ստեղծեցին, այո, հիպոթեկային հիմնադրամ, որի ակտիվները, կարծում եմ, կազմում են 15 միլիարդ դրամ (60 միլիոն դոլար): Իմ գնահատմամբ` միջին խավի ձեւավորմանը ուղղված են եղել ստացված երկու միլիարդից ընդամենը 90 միլիոն դոլարը»:

Բագրատյանի պնդմամբ` երկիրն աստիճանաբար դարձել է «բուրժուական պետություն»` 10-15 մարդու սպասարկող:

«Ցույց տվեք 500 հազար գյուղացիության ներկայացուցիչներին պառլամենտում: Չունեք», - հայտարարեց նա` շարունակելով. - «Նույնիսկ բուրժուադեմոկրատական պետությունը այսօր մեր երազանքը պետք է լինի: Բուրժուադեմոկրատական` կնշանակի, որ այդ պետության մեջ ժողովուրդն էլ է ներկայացված: Որտե՞ղ է այդ ժողովուրդը… Ո՞ր կուսակցությունն է ներկայացնում… Դրանցից որեւէ մեկը աղերս ունի՞ ժողովրդի հետ: Նկատի ունեմ եւ կոալիցիան… Դու ո՞նց ես խրախուսում մանր գյուղացիական տնտեսություններին, երբ խոշոր կապիտալիստին նշանակում ես գյուղատնտեսության նախարար: Ո՞նց կարելի էր «Արտֆուդ»-ի տնօրենին դնել գյուղնախարար… Շահագրգռված կողմ է…»:

Հրանտ Բագրատյանը անդրադարձավ նաեւ հանքահումքային ոլորտին: Նրա տվյալներով, այսօր Հայաստանն արտահանում է 3 միլիարդ դոլարի հանքարդյունաբերական արտադրանք, որից Հայաստանի պետբյուժե, նախկին վարչապետի պնդմամբ, մտնում է մոտ 100 միլիոնը:
please wait

No media source currently available

0:00 0:04:40 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG