Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը շարադրում է իր քաղաքական առաջնահերթ պահանջները


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել` շարադրելով իր քաղաքական առաջնահերթ պահանջները:

Հայտարարությունում, որը տրամադրել են «Ժառանգության» գրասենյակից, Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցնում է իր անցկացրած հացադուլի մասին եւ շարունակում. - «Քաղաքական անդաստանի իմ հարգարժան գործընկերներ` կառավարող կոալիցիա, ՀՀ գործող նախագահ, իշխող եւ ընդդիմացող դասակարգեր, դուք ցանկանում էիք իմանալ իմ քաղաքական առաջնահերթ պահանջները` ահա դրանք.

Առաջին` ես պահանջում եմ գումարել Սահմանադիր ժողով` Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության հեղինակման եւ ընդունման համար: Երկրի Մայր օրենքը պետք է մշակվի եւ հաստատվի ժողովրդի կողմից, այլ ոչ թե իր որակներով հայտնի Ազգային ժողովում, ինչպես կարծում է հավերժ թագավորել պատրաստվող կուսակցապետական վերնախավը:

Երկրորդ` ես պահանջում եմ, որ Հայաստանը ճանաչի միջազգային քրեական դատարանի իրավասությունը: [...] Եթե մեր ազգային արդարադատությունն անզոր է երկրում ապահովել օրենքների պահպանումն ու մարդու իրավունքների հարգումը, ուրեմն Հայաստանի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա դիմելու միջազգային արդարադատությանը: [...]

Երրորդ` ես պահանջում եմ, որ Հայաստանի նախագահը ստորագրության հետկանչով չեղյալ հայտարարի հայ - թուրքական արձանագրությունները եւ պաշտոնապես ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` սահմանադրորեն ամրակայված նրա սահմաններով: Կարիք չկա ինչ-որ մեկին ապացուցել, որ Հայաստանի կողմից Արցախի միջանկյալ կարգավիճակի «մադրիդյան» ճանաչումն Ադրբեջանի կազմում` մինչեւ նոր հանրաքվեի անցկացումը, հակասում է ԼՂՀ սահմանադրության տառին ու ոգուն»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնում է նաեւ, որ իր գլխավորած կուսակցության բաց ժողովը կայանալու է մայիսի 21-ին` կառավարության նիստերի դահլիճում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG