Մատչելիության հղումներ

Բռնություն է կիրառվել ՀԱԿ-ի հանդիպման մասին թռուցիկներ բաժանողների նկատմամբ


Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցների բողոքի ցույցը Երեւանում

Հայ ազգային կոնգրեսի առաջիկա նախընտրական հանդիպման մասին իրազեկման թռուցիկներ եւ բուկլետներ բաժանող կանանցից երեքը երկուշաբթի երեկոյան Ավանի «Սթար» սուպերմարկետի հարակից տարածքից մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Նրանցից մեկի ` Օֆելյա Մարգարյանի գլխին անհայտ անձինք խփել էին քարով, մյուս երկուսին` Աստղիկ Աղեկյանին եւ Ամալյա Պողոսյանին` հարվածել էին բռունցքներով:

«[Երբ] հասանք «Սթար» խանութի մոտ, հավաքվեցին ու սկսեցին՝ դուք ո՞վ եք, որ ստեղ կանգնեք, դուք իրավունք չունեք ստեղ բուկլետ բաժանեք», - պատմեց Ամալյա Պողոսյանը: - «Խմած էին՝ բոլորը աչքերը կարմրած… Խփեցին ուսիս, այտոսկրիս… Մեկը հետեւիցս խփեց գլխիս»:

Կանայք հիվանդանոցում «Ազատություն» ռադիոկայանին պատմեցին նաեւ, որ անհայտ երիտասարդները սեւ մեքենաներով իրենց հետեւել են հենց սկզբից, երբ բուկլետները ձեռքին դուրս են եկել ՀԱԿ-ի գրասենյակից: Այնուհետեւ, ըստ Օֆելիա Մարգարյանի, Ավանի «Սթար» խանութի եւ ՀՀԿ-ի շտաբի մոտակայքում կանգնեցրել են մեքենաները, սկսել վիճաբանությունը ընդդիմադիր երիտասարդների հետ:

«[Հետո] Հարձակվեցին ջահել երեխաների վրա: Ես մոտեցա եւ երեխային, երեւի մի 18 տարեկան երեխա էր, քշեցի այն կողմ մեր տղային…. Մեծ քարով [հարձակվողներից մեկը] խփեց գլխիս: Արյունը հոսեց», - պատմեց Մարգարյանը՝ հավելելով, որ նաեւ իր ընկերուհիներին ծեծելուց հետո հարձակվողները անհայտացան:

Ականատեսներից մի քանիսը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ ոստիկանությունը դեպքի վայր է եկել ահազանգից կես ժամ հետո միայն:

ՀՀԿ-ի շտաբում, որը գտնվում էր դեպքի վայրի ուղիղ դիմացը, ասացին, որ կատարվածից տեղյակ չեն: Շտաբի աշխատակիցները դա որակեցին «սադրանք»՝ պնդելով, թե «ոչինչ չի եղել»:

ՀԱԿ –ը` բոլոր փաստաթղթերն ու լուսանկարները հավաքագրելուց հետո, պատրաստվում է դիմել իրավապահ բոլոր մարմիններին:

«Պատրաստում ենք այդ փաստաթղթերը, բոլոր հարձակվողները նկարահանված են ու նրանք պատիժը կրելու են», - «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Թռուցիկներ բաժանող կանանց նկատմամբ Ավան համայնքում բռնություն էր կիրառվել նաեւ կիրակի օրը:

«Մեր աղջիկների ձեռքից խլեցին բուլկետները տրցակով: Ես գնացի, որ վերցնեմ, խփեցին իմ վզին», - «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը պատմեց Աստղիկ Աղեկյանը:

Կանայք թռուցիկները բաժանելիս են եղել երկու առանձին խմբերով, եւ մինչ Հայ ազգային կոնգրեսի Ավանի կառույցի ղեկավարը փորձել է պարզել միջադեպի մանրամասները, իր խոսքերով՝ մի քանի մեքենաներ հասել են Ավան - Առինջ, կանանց մյուս խմբից նույնպես փորձել են խլել թռուցիկները եւ պահանջել են հեռանալ համայնքի տարածքից:

«Մեզ մոտեցավ... հաստավիզ մի երիտասարդ, փակեցին ճանապարհը եւ ձեռքը գցեց հերթական անգամ այդ կապոցին, որպեսզի փորձի խլել: Ես ասացի՝ երիտասարդ, ի՞նչ իրավունքով եք վերցնում… [Ասաց] Դուք պետք է հենց հիմա հավաքվեք ու գնաք, դուք չգիտե՞ք, որ էս իմ թաղն ա: Ասացի՝ երիտասարդ, ի՞նչ է նշանակում իմ թաղն ա, դուք թաղապե՞տն եք… Չէ, բայց թաղը իմն ա, դե ուրեմն իմացի՝ ստեղ Լեւոնը չի մտնելու, ստեղ կնիկ չէ, աղջիկ չէ, ով ուզում ա մտնի, ձեր ոտերը կջարդենք եւ դուք ստեղ թուղթ չեք բաժանի: Ավանը պատկանում ա Տարոնին [թաղապետ Տարոն Մարգարյանին, ով ՀՀԿ-ի ցուցակում երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում], ժողովուրդը ստեղ կողմնորոշված ա, ու չհամարձակվեք իրանց ապակողնորոշել», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց ՀԱԿ-ի անդամ Անահիտ Գրիգորյանը:

Տարոն Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, որ «ՀՀԿ-ի շտաբն ու հանրապետականները» դեպքի հետ որեւէ կապ չունեն. դա կարող էին լինել համայնքի շարքային բնակիչները։ Իր խոսքով, ինքը փորձել է ճշտել, թե ովքեր են եղել այդ երիտասարդները, բայց չի հաջողվել։

ՀԱԿ-ի Ավանի կառույցի ղեկավարի խոսքով, այդ մարդկանց խումբը կազմված է եղել շուրջ 20 հոգուց:

«Ամբողջ գործողությունները ղեկավարում էր մի ավտոմեքենա, որը հետագայում պարզեցինք, որ Ազգային ժողովի ավտոմեքենաների պետհամարանիշներով էր», - հավելեց նա: - «Ղեկավարում էին Կարախանյան Վազգենի որդին եւ Հանրապետական կուսակցության Ավանի երիտթեւի ղեկավարը, որի անունը առայժմ չեմ ճշտել»:

ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց իրենց կուսակցության անդամների մասնակցության հնարավորությունը նման միջադեպին. - «Հանրապետական կուսակցությունը նման գործունեություն չի ծավալում: Կուսակցությունը նման ոչ օրինական գործունեություն ծավալելու անհրաժեշտություն չունի, որովհետեւ մենք ենք ամենաշահագրգռվածը, որպեսզի այս ընտրությունները լինեն օրենքի շրջանակներում, քաղաքակիրթ եւ շատ նորմալ»:

Երեքշաբթի օրը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը Ավանում տեղի ունեցածի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. - «Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում հանրահավաքի մասին իրազեկում կատարող անձանց նկատմամբ շարունակական բռնարարքները եւ դրանք կատարող անձանց մինչ օրս բացահայտված չլինելը, առավելեւս այն դեպքում երբ համաձայն բռնության ենթարկված քաղաքացիների հայտարարության՝ իրենց կողմից Ոստիկանությանն են ներկայացվել այդ անձանց լուսանկարները եւ նրանց կողմից վարվող ավտոմեքենաների պետհամարանիշների տվյալները: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ նման բռնարարքներն իրականացվում են ընդիմության ներկայացուցիչների նկատմամբ եւ դատապարտելով դրանք կրկին անգամ կոչ է անում Ոստիկանությանն իրականացնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները բռնարարք կատարած անձանց հնարավորինս արագ բացահայտելու եւ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, այլապես Ոստիկանության անգործությունը կարող է դիտվել որպես նմանատիպ դեպքերի խրախուսում»:
XS
SM
MD
LG