Մատչելիության հղումներ

Օբամայի վարչակազմը առաջարկում է կրճատել օգնությունը Հայաստանին


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հինգշաբթի օրը առաջարկել է 38 տոկոսով կրճատել ամերիկյան ֆինանսական օգնությունը Հայաստանին եւ 20 տոկոսով ավելացնել օգնությունը Ադրբեջանին, ինչպես նաեւ խախտել այս երկու երկրներին տրամադրվող ռազմական օժանդակության հավասարակշռությունը հօգուտ Ադրբեջանի:

Ինչպես տեղեկացնում են Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակից, չնայած 2010 թվականի պետբյուջեի` վարչակազմի ներկայացրած նախագծում արտաքին ֆինանսական օգնության ծավալները այս տարվա համեմատ աճել են 9 տոկոսով, Հայաստանի համար առաջարկվում է 30 միլիոն դոլարի օգնություն` 2009 թվականի 48 միլիոնի փոխարեն, Ադրբեջանի համար` 22.12 միլիոն` 2009-ի 18 միլիոնի փոխարեն:

Վարչակազմը առաջարկում է նաեւ Ադրբեջանին հատկացնել 4 միլիոն դոլարի, Հայաստանին` 3 միլիոն դոլարի ռազմական օժանդակություն, իսկ ռազմական ուսուցման եւ վարժանքների համար Հայաստանին տրամադրել Ադրբեջանին հատկացվելիք 900 հազար դոլարի ուղիղ կեսը: Դրանով իսկ, ինչպես ընդգծում է Հայ դատի գրասենյակը, խախտվում է երկու երկրներին հավասարաչափ ռազմական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ Սպիտակ տան եւ Կոնգրեսի միջեւ 2001 թվականին ձեռք բերված համաձայնությունը:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, մասնավորապես, հայտարարել է. - «Նախագահ Օբաման, չնայած Հայաստանին Միացյալ Նահանգների օժանդակությունը շարունակելու խոստմանը եւ Հայաստանի աճին ու զարգացմանը նպաստելու` ընտրարշավի ժամանակ արտահայտած հանձնառությանը, առաջարկել է կրճատել օգնությունը Հայաստանին: Հայաստանին կենսականորեն անհրաժեշտ օժանդակությունը կտրուկ կրճատելու նրա առաջարկը հիասթափեցնող է` հաշվի առնելով Հայաստանի առջեւ ծառացած տնտեսական մարտահրավերները»:

Պետբյուջեի նախագիծը այժմ ենթակա է քննարկման Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործողությունների ենթահանձնաժողովի եւ Սենատի հատկացումների հանձնաժողովի կողմից, որոնք մշակելու են օրինագծի սեփական տարբերակները:

2009 թվականի բյուջեի նախագծով Ջորջ Բուշի վարչակազմը առաջարկել էր Հայաստանին տրամադրել 24 միլիոն դոլարի տնտեսական օգնություն, ինչը 34 միլիոնով պակաս էր 2008 թվականի համար Կոնգրեսի հաստատածից: Կոնգրեսի երկու պալատներում քննարկումների արդյունքում, սակայն, օգնության ծավալը հասցվեց 48 միլիոն դոլարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG