Մատչելիության հղումներ

«Անպատժելիության մթնոլորտը զարգանում է Հայաստանում»


«Անպատժելիության մթնոլորտը զարգանում է Հայաստանում», - ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը` մեկնաբանելով լրագրողների դեմ վերջին բռնությունները Հայաստանում:

Ընդամենը օրեր առաջ Երեւանում բիրտ հարձակման ենթարկվեց «Արմենիա Թուդեյ» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Արգիշտի Կիվիրյանը: Իրավապահները հավաստիացրել են, որ «հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն»։

Մոտ մեկ շաբաթ անց, սակայն, ծեծի ենթարկվեց «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանը:

Բորիս Նավասարդյանը, ով Պրահայում մասնակցում էր Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված Քաղաքացիական ֆորումի աշխատանքներին, հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի կենտրոնական գրասենյակում մեկնաբանեց «Շանթի» լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպը` ընդգծելով. - «Ես համոզված եմ, որ դա պատահականություն չէ, դեպքի նկարագրությունը դրա մասին է վկայում: Մենք ընդհանրապես շատ լավ գիտակցում ենք, թե ինչ կարգի մարդիկ են պատվիրում բռնություն լրագրողի նկատմամբ: Անպատժելիության մթնոլորտը զարգանում է Հայաստանում: Լրագրողներն արդեն չեն էլ կարող պատկերացնել, թե իրենց ինչ խոսքն ում դուր չի գա: Այս դեպքում մենք լսում ենք բազմաթիվ խոստումներ, որ մեղավորները կպատժվեն, բայց գործնականում ոչ մի բան չի կատարվում»:

«Հակառակը՝ մենք տեսնում ենք լրագրողների դեմ պատիժները խստացնելուն ուղղված բավական լուրջ նախաձեռնություններ բարձր մակարդակի վրա: Փաստորեն, ստացվում է, որ լրագրողները բռնություն իրականացնողներից եւ պատվիրողներից ավելի վտանգավոր են», - հավելեց Երեւանի մամուլի ակումբի նախագահը:

«Բացառությամբ Տիգրան Նաղդալյանի սպանության գործը, կարո՞ղ ենք հիշել որեւէ դեպք, երբ լրագրողի նկատմամբ բռնություն գործադրողը բացահայտվել է եւ կանգնել դատարանի առաջ», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Բորիս Նավասարդյանը արձագանքեց. - «Մի քանի շատ քիչ մասնավոր դեպքեր եղել են, Տիգրան Նաղդալյանի գործը մի քիչ առանձնանում է այդ առումով: Բռնություն գործադրողները պատժվել են շատ մեղմ, իսկ պատվիրողները երբեք չեն բացահայտվել»:

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին նախագահ Տիգրան Նաղդալյանը սպանվել է 2002 թվականի դեկտեմբերի 28-ին: Նրա սպանությունը կազմակերպելու մեղադրանքով 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանը, ով անցած տարվա սեպտեմբերին վաղաժամկետ ազատ արձակվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG