Մատչելիության հղումներ

Պրահայում հանդիպեցին Հայաստանի եւ Թուրքիայի նախագահները


Հինգշաբթի ուշ երեկոյան Պրահայում` Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, կայացավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հանդիպումը:

Հանդիպումը տեւեց մոտ մեկուկես ժամ եւ ավարտվեց կեսգիշերին մոտ:

Առաջինը լրագրողներին մոտեցավ Սերժ Սարգսյանը: Աբդուլա Գյուլի հետ նրա հանդիպման գնահատականը հետեւյալն էր. - «Օգտակար էր: Մենք պայմանավորվեցինք հարգել մեր պայմանավորվածությունները»:

Հայ - թուրքական հարաբերությունների բարելավման ճանապարհին հնարավոր նախապայմանների առկայության մասին Սերժ Սարգսյանը ասաց. - «Բացառված են նախապայմանները, ուղղակի բացառված»:

Աբդուլա Գյուլը հայաստանցի պաշտոնակցի հետ հանդիպումն ընդհանուր առմամբ դրական գնահատեց. - «Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստան - Թուրքիա հարաբերությունների ներկա վիճակը: Քննարկել ենք նաեւ տարածաշրջանային հարցեր: Հիշեցնեմ, որ այսօր այստեղ` Պրահայում հանդիպել են նախագահներ Ալիեւն ու Սարգսյանը: Կարծում եմ, որ Կովկասում հարաբերությունների բարելավումը բխելու է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից»:

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի նախագահի մամլո գրասենյակից, հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել «հարգել նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները եւ առաջ շարժվել հայ - թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում կարգավորելու ուղղությամբ»:

Մինչ Սերժ Սարգսյանին հանդիպելը Աբդուլա Գյուլը Չեխիայի մայրաքաղաքում բանակցել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Ուրբաթ օրը արդեն Թուրքիայի նախագահը մասնակցելու է Եվրամիության «Հարավային միջանցք - Նոր մետաքսի ուղի» ծրագրին նվիրված համաժողովին:

Օրվա երկրորդ կեսին նախատեսված է նաեւ Աբդուլա Գյուլի մամուլի ասուլիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG