Մատչելիության հղումներ

Արմեն Ռուստամյանը այլեւս Ազգային անվտանգության խորհրդի անդամ չէ


Արմեն Ռուստամյանը հայտարարում է կոալիցիայից Դաշնակցության դուրս գալու մասին, 27 ապրիլի, 2009
Արմեն Ռուստամյանը հայտարարում է կոալիցիայից Դաշնակցության դուրս գալու մասին, 27 ապրիլի, 2009

Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի պարտականություններից:

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի նախագահի մամլո գրասենյակից, իրեն Ազգային անվտանգության խորհրդի անդամի պարտականություններից ազատելու համար Արմեն Ռուստամյանը նախագահ Սերժ Սարգսյանին է դիմել չորեքշաբթի օրը: Այդ կապակցությամբ նախագահը համապատասխան հրամանագիր է ստորագրել:

Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի փոխանցմամբ, Ռուստամյանի՝ Ազգային անվտանգության խորհրդի կազմից դուրս գալու որոշումը կայացրել է Հայ հեղափոխական դաշնակցությունը, եւ այդ որոշումը կոալիցիայից դուրս գալու հետեւանքներից է:

«Անվտանգության խորհրդի կանոնադրությամբ, նրա անդամները պարտավոր են որոշումները, որ կայացվում են Անվտանգության խորհրդում, իրականացնել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավելեց Հովհաննիսյանը: - «Եթե մենք դուրս ենք եկել կոալիցիայից հենց նման որոշումների հետ համաձայն չլինելու պատճառով, ապա այս պահանջը իրականացնելը դառնում է անհնարին»:

Ապրիլի 27-ին Դաշնակցությունը հայտարարեց կառավարությունից դուրս գալու եւ զբաղեցրած պաշտոններից հրաժարվելու մասին;

Կոալիցիան կուսակցությանը առաջարկեց պահպանել խորհրդարանական ղեկավար պաշտոնները, եւ Դաշնակցությունը ընդունեց այդ առաջարկը` պահպանելով Արտաքին հարաբերությունների եւ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները:

Այդուհանդերձ, այս շաբաթվա սկզբին Արթուր Աղաբեկյանը հրաժարական ներկայացրեց պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

Արմեն Ռուստամյանը շարունակում է գլխավորել արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG