Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրովը մեկնեց Միացյալ Նահանգներ


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնել է Վաշինգտոն, ուր հինգշաբթի օրը հանդիպելու է Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:

Նախօրեին Լավրովը հայտնել էր, որ Քլինթոնի հետ հանդիպմանը քննարկելու է իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաեւ ՆԱՏՕ - Ռուսաստան հարաբերությունների ողջ շրջանակը:

«Մենք, իհարկե, կքննարկենք այն տագնապալից իրավիճակը, որը պահպանվում է Հարավային Կովկասում, առաջին հերթին` Վրաստանի ղեկավարների կողմից պարբերաբար կատարվող սադրիչ գործողությունների պատճառով՚», - չորեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Լավրովի այցի հիմնական նպատակը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի Ռուսաստան կատարելիք այցելությունը նախապատրաստելն է, ռուս - ամերիկյան նոր մակարդակի հարաբերությունների քննարկումը:

Օբամայի վարչակազմը հայտարարել էր Ռուսաստանի հետ ավելի սերտ համագործակցելու մտադրության մասին, միաժամանակ նշելով, որ դրա հաշվին չի զոհաբերի այլ երկրների շահերը. խոսքը, մասնավորապես, վերաբերում է Ուկրաինային ու Վրաստանին, որոնք ձգտում են դեպի ՆԱՏՕ եւ եվրոպական կառույցներ:

Ինչ վերաբերում է Օբամայի այցին, ապա նախատեսվում է, որ ԱՄՆ-ի նախագահը Ռուսաստան կայցելի հուլիսին:

Այցի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Lոնդոնում` «Մեծ 20»-ի գագաթնաժողովի ժամանակ. ԱՄՆ-ի նախագահի հետ առաջին հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Բարաք Օբամային հրավիրել է Ռուսաստան, վերջինս հրավերն ընդունել է:

Լավրովը Վաշինգտոն է ուղեւորվել չորեքշաբթի ուշ երեկոյան: Մինչեւ մայիսի 8-ը նա լինելու է Վաշինգտոնում, հետո մեկնելու է Նյու Յորք: Ռուսաստանի արտգործնախարարի այցելությունը ավարտվելու է մայիսի 11-ին:

Վաշինգտոնում նախատեսված են Լավրովի հանդիպումները նաեւ Կոնգրեսի ղեկավարների հետ, ելույթը «Կարնեգի» կենտրոնում: Նյու Յորքում Ռուսաստանի արտգործնախարարը հանդիպումներ է ունենալու ՄԱԿ-ի կենտրոնակայանում, մայիսի 11-ին ելույթ է ունենալու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ նիստին, որը նվիրված է Մերձավոր Արեւելքի խնդիրներին:

ԱՄՆ-ի նոր վարչակազմի իշխանության գալուց հետո սա Ռուսաստանի արտգործնախարարի առաջին այցելություն է Միացյալ Նահանգներ, ուր ճանապարհվելուց առաջ Լավովն ասել է. - «Ռուս - ամերիկյան հարաբերությունների ջեմացումը գործոն է, որը մենք ողջունում ենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG