Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնը հանդիպեց Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ


Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեքշաբթի օրը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, հանդիպումների հիմնական նպատակն էր խրախուսել երկու երկրներին` լուծման հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:

«Ֆրանսպրես» գործակալությունը, իր հերթին, հաղորդում է, որ հանդիպումների ժամանակ բանակցություններ են ընթացել նաեւ էներգետիկ անվտանգության հարցերի շուրջ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նույն օրը Էդվարդ Նալբանդյանը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական գեներալ Ջեյմս Ջոնսի հետ, կայացել է նաեւ հանդիպում ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանի հետ:

Երկուշաբթի օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոունի ու Մարք Քըրքի եւ խմբի անդամներ էննա Էշուի, Սթիվ Ռոթմանի եւ Սքոթ Գերեթի հետ:

Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել նաեւ ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Դենիել Ֆրիդի, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ղեկավար Ռոդնի Բենտի հետ: Վերջինիս հետ Էդվարդ Նալբանդյանը քննարկել է կորպորացիայի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի շարունակման հետ կապված հարցեր:

Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունում Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել դեսպանության եւ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության դիվանագետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրները եւ տրվել են համապատասխան հանձնարարություններ:

ԱՄՆ-ի մայրաքաղաքում Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է նաեւ ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Երեքշաբթի օրը ավարտելով այցելությունը Վաշինգտոն` Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Պրահա, ուր Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում կմասնակցի Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG