Մատչելիության հղումներ

Գագիկ Բեգլարյան. «Տիրապետում եմ ամեն ինչին»


Երեւանի ավագանու ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը այսօր նախընտրական քարոզչության շրջանակում հանդիպում էր Ազատության 8 հասցեում գտնվող շենքի բնակիչների հետ:

«Տիրապետում են ամին ինչին, եւ քաղաքապետ աշխատելուս ընթացքում անելու եմ ամեն ինչ, որպեսզի կարողանանք մեր խնդիրները՝ առօրյա, որ ունի այսօր յուրաքանչյուր երեւանցի, յուրաքանչյուր Երեւանի բնակիչ, լուծելի դառնան», - ասաց Բեգլարյանը՝ խոստանալով «կարճ ժամանակում լուծել շենքերի բակերի ասֆալտապատման, լուսավորման հարցերը, ինչից հետո անդրադառնալ բազմաբնակարան շենքերի բազմաթիվ խնդիրներին. - «Ես իմ բոլոր խոստումները կատարում եմ, եթե չկատարեմ՝ չեմ խոստանա»:

«Ես ձեզ յուրաքանչյուրիդ խոստանում եմ. սարեր-ձորեր չեն ուղում խոստանալ, [բայց] անելու ենք ամեն ինչ, որ յուրաքանչյուրիդ հույսը ձեր մեջ վերականգնենք դեպի քաղաքային իշխանություն, դեպի համայնքային իշխանություն», - հայտարարեց Բեգլարյանը՝ հավաստիացնելով. - «Մեր մոտեցումը լինելու է արդարացի, հավասարաչափ բոլոր ոլորտներում եւ հավասարաչափ բոլոր մարդկանց նկատմամբ»:

Հանրապետական կուսակցության ցուցակում Գագիկ Բեգլարյանին հաջորդող Տարոն Մարգարյանը [Ավան համայնքի թաղապետ], ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու է ՀՀԿ-ն այս քարոզարշավում խուսափում զարգվածային միջոցառումներից՝ նախապատվությունը տալով բակային հանդիպումներին, պատասխանեց. - «Չենք խուսափում: Հենց անմիջական բնակիչների հետ ենք զրուցում՝ բակ առ բակ հանդիպումներ ենք կազմակերպում: Ինձ թվում է, դա ավելի արդյունավետ է»:

Հանդիպումների մասնակիցները տարբեր կարծիքներ հայտնեցին: Միջին տարիքի մի կին, օրինակ, ասաց. - «Այս տարի, որ այդ բակերում սկսեց վերանորոգում կատարել, բնակիչներս էլ ավելի շահագրգռված ձեւով ուզում ենք, որ երեւանցի լինի մեր քաղաքապետը»:

«Ընտրությունների հետ միշտ հույս եմ կապել, բայց հիմա բացարձակ հույս չեմ տեսնում», - ասաց մի տղամարդ:
XS
SM
MD
LG