Մատչելիության հղումներ

Պրահայի գագաթնաժողովին Բելառուսը կներկայացնի փոխվարչապետը


Ալեքսանդր Լուկաշենկո

Մայիսի 7-ին Պրահայում կայանալիք գագաթնաժողովին, որի ժամանակ Եվրամիությունը ազդարարելու է Արեւելյան գործընկերության ծրագրի մեկնարկը, Բելառուսը ներկայացնելու է փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշենկոն: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Եվրամիության նախագահությունը:

Ապրիլի վերջին Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովը հայտարարել էր, որ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «լիովին մտադիր» է մասնակցել Պրահայի գագաթնաժողովին, ինչը համարվել էր Եվրամիության գործող նախագահ Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգի հրավերը Լուկաշենկոյի կողմից ընդունելու առաջին պաշտոնական հաստաստումը:

Այդուհանդերձ, «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, Լուկաշենկոյի մասնակցությունը սկսեց անհավանական թվալ, երբ նա քննադատեց հրավերի փոխանցման ձեւը, քանի որ դրանում բացակայում էին Արեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկվելիք երկրների ղեկավարների անունները:

1990-ականների կեսերից Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները Լուկաշենկոյի եւ նրա վարչակազմի ներկայացուցիչների նկատմամբ մեկուսացման քաղաքականություն են վարում` արգելելով նրանց այցելությունները, ինչպես նաեւ առեւտրական սահմանափակումներ կիրառելով բելառուսական ձեռնարկությունների համար:

Պրահայի գագաթնաժողովին չի մասնակցելու նաեւ Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը, եւ այդ երկիրը ներկայացնելու է փոխվարչապետ Անդրեյ Ստրատանը:

Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, եւ Ուկրաինան գագաթնաժողովին ներկայացված կլինեն նախագահների մակարդակով:

Եվրամիությունը Արեւելյան գործընկերության ծրագրում նախատեսում է ընդգրկել Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Բելառուսը, Մոլդովան եւ Ուկրաինան: Շատ փորձագետներ ծրագիրը համարում են նախկին խորհրդային այս երկրների վրա Ռուսաստանի ազդեցությունը սահմանափակելու փորձ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG