Մատչելիության հղումներ

Եվրոպայի տնտեսական անկումը շարունակվում է


Եվրոպական միությունը երկուշաբթի օրը հրապարակել է տնտեսական կանխատեսման նոր զեկույց, որի համաձայն, անդամ երկրների տնտեսական ցուցանիշներն առաջիկայում է’լ ավելի են ընկնելու:

Ըստ մասնագետների, բարելավում մինչեւ հաջորդ տարեվերջ ակնկալել չի կարելի: Տուժելու են արտահանողները, աճելու է գործազրկությունը: Առնվազն 4 տոկոսի հասնող անկում է լինելու թե’ 27 երկրներից կազմված Եվրամիությունում եւ թե’ եվրոգոտու 16 երկրներում:

2009-2010 թվականներին Եվրամիության տարածքում աշխատանքից կզրկվի շուրջ 8.5 միլիոն մարդ: Էապես տուժում են արտադրությունն ու արտահանումը: Եվրոգոտում արտահանման նվազումը կհասնի աննախադեպ ցուցանիշի՝ 13 տոկոսի:

Եվրամիության տնտեսական քաղաքականության եւ ֆինանսական գործերով հանձնակատար Խոակին Ալմունիան մայիսի 4-ին Բրյուսելում խոսել է անկման պատճառների եւ ծավալի մասին:

«Միջազգային ճգնաժամի խորացումը եւ համաշխարհային առետրի անկումը Եվրոպայում առաջացրել են Երկրորդ աշխարհամարտից հետո տնտեսական ամենածանր ճգնաժամը»,- ասել է Ալմունիան:

Եվրահանձնաժողովը ենթադրում է, որ գալիք տարում հնարավոր կլինի տնտեսության «համեստ» վերելք, սակայն դրա նախապայմանը կլինի բանկային համակարգի կանոնավոր գործունեության վերականգնումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG