Մատչելիության հղումներ

Ռեջեփ Էրդողան. «Մեր կառավարությունում անփոխարինելի կադրեր չկան»


Ռեջեփ Էրդողան
Ռեջեփ Էրդողան

«Մեր կառավարությունում անփոխարինելի կադրեր չկան, բոլոր նախարարներն էլ պետք է հասկանան, որ իրենց պաշտոնավարումը ժամանակավոր բնույթ է կրում», - շաբաթ օրը այսպես է մեկնաբանել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կառավարության կազմում տեղի ունեցած փոխատեղումները:

Էրդողանի խոսքով` նախարարական պորտֆելների այս վերաբաշխման հիմնական նպատակը գլոբալ ճգնաժամի պայմաններում թուրքական տնտեսության մրցունակությունը բարձրացնելն է:

«Թուրքական տնտեսությունում ստեղծված վիճակը մեզանից կոշտ քայլեր է պահանջում, որոնք պետք է համակարգվեն մեկ միասնական կենտրոնից», - հայտարարեց Էրդողանը` այսպես բացատրելով Ալի Բաբաջանի հրաժարականը արտգործնախարարի պաշտոնից:

Այսուհետ Բաբաջանը կհամատեղի փոխվարչապետի եւ էկոնոմիկայի նախարարի պաշտոնները: Նրան է ենթարկվելու կառավարության ողջ տնտեսական բլոկը, ինչպես նաեւ պետական բոլոր բանկերը:

Բաբաջանին արտգործնախարարի պաշտոնում փոխարինեց Ահմեդ Դավութօղլուն, որը վերջին տարիներին վարչապետ Էրդողանի` արտաքին քաղաքական հարցերով ավագ խորհրդականն էր:

Նախկին համալսարանական դասախոս Դավութօղլուի անունը լայն հանրությանը հայտնի դարձավ հունվարին, երբ նա միջնորդական առաքելություն էր իրականացնում Մերձավոր Արեւելքում: Գազայում տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո Դավութօղլուն փորձում էր բանակցություններ նախաձեռնել պաղեստինյան «Համաս» շարժման եւ Իսրայելի կառավարության միջեւ:

Դավութօղլուի նշանակումը իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության շարքերում բավական լուրջ դժգոհությունների առիթ է դարձել: Պատճառն այն է, որ Էրդողանը խախտել է թուրքական քաղաքականության չգրված օրենքներից մեկը, ըստ որի` նախարարները, որպես կանոն, նաեւ խորհրդարանի պատգամավորներ են:

Ինչպես գրում է թուրք հայտնի մեկնաբան Յուսուֆ Քանլըն, «իշխող կուսակցության շարքերում վերջին օրերին շարունակ նույն հարցն է պտտվում` մի՞թե 312-հոգանոց խորհրդարանական խմբակցությունում չկար մեկը, որին կարելի էր վստահել արտգործնախարարի պաշտոնը»:

Թուրք մեկնաբանի խոսքով` քաղաքական դաշտում շատերը մեծ կասկածանքով են վերաբերվում Դավութօղլուի դիվանագիտական կարողություններին, պնդելով, թե նրա գործունեությունը իրականում անհաջողությունների անվերջ մի շղթա է:

«Համաս»-ի հետ բանակցություների տապալումը, Դավոսում կազմակերպված թատերական ներկայացումը, Հայաստանի հետ ճանապարհային քարտեզը` այս բոլոր իրադարձությունների ետեւում ուրվագծվում է Դավութօղլուի կերպարը», - համոզված է Քանլըն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG