Մատչելիության հղումներ

Արթուր Աղաբեկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել


ՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երկուշաբթի օրը հաստատեց կուսակցության խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը. - «Արթուր Աղաբեկյանը ասել էր, որ որպես իր անձնական որոշում , ինքը մոտ օրերս իր տեսակետը կհայտնի, ինչը եւ արեց: Բայց մինչ այդ հայտարարեց, որ կուսակցության քաղաքական որոշմանը ենթարկվում է եւ հետ է վերցնում քաղաքական առումով տված իր դիմումը: Հետագայում, բնականաբար, ինչպես եւ ցանկացած մարդ, ազատ է արդեն սեփական դիրքորոշումը արտահայտնելու: Բայց կուսակցական կարգապահությանը նա ենթարկվեց»:

Հարցին, թե ով է լինելու հանձնաժողովի նախագահի իրենց թեկնածուն՝ Հովհաննիսյանը պատասխանեց - «Թեկնածուի հարցը պետք է քննարկի Գերագույն մարմինը»:

Դաշնակցությունը կոալիցիայից դուրս գալուց հետո հայտարարեց, որ հրաժարվում է նաեւ խորհրդարանական պաշտոններից: Խմբակցությունը, այդուհանդերձ, ընդունեց կոալիցիայի առաջարկը՝ պահպանել այդ պաշտոնները:

Ազգային ժողովի նախագահի մամուլի խոսնակը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Հովիկ Աբրահամյանը ստացել է նաեւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավարի պաշտոնից հրաժարվելու մասին Աղաբեկյանի դիմումը:

Արթուր Աղաբեկյանը երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Կուսակցական իմ ընկերները գիտեին, որ ենթարկվելով կուսակցության որոշմանը, ես մնում եմ նույն կարծիքին, որ ես չեմ կարող զբաղեցնել Ազգային ժողովում պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Եվ այսօր առավոտյան ես ներկայացրել եմ իմ հրաժարականի դիմումը»:

Նա նաեւ ասաց, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակությունը ի պաշտոնե ղեկավարում է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի կամ մեկ այլ համապատասխան հանձնաժողովի նախագահը, ուստի ինքը զուգահեռաբար ներկայացրել է նաեւ այդ պատշոնից հրաժարվելու մասին դիմումը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ դուրս գա Դաշնակցությունից, Արթուր Աղաբեկյանը արձագանքեց. - «Ես Հայաստանի Հանրապետությունում Դաշնակցության հիմնադիրներից մեկն եմ: 1989 թվականին, երբ մենք ընդհատակում մարտնչում էինք ինչպես ազերիների դեմ, այնպես էլ, չեմ ուզում թաքցրած լինել՝ նաեւ սովետական այն հրամանատարների դեմ, որոնք փորձում էին կոտրել մեր կամքը, ես այն ժամանակ եմ ընդունվել Դաշնակցության շարքերը: Մնացել եմ Դաշնակցության զինվորը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG