Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը այսօր կհանդիպի Հիլարի Քլինթոնի հետ


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր Վաշինգտոնում հանդիպելու է Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնին։ Վաղը պետքարտուղարը կընդունի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին։

Հանդիպումների այսպիսի հերթականության մասին հաղորդել է CNN-Turk հեռուստաընկերությունը` նշելով, որ բանակցությունների ուշադրության կենտրոնում են լինելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն ու հայ - թուրքական հարաբերությունների նորմալացումը։

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարությունների մամուլի ծառայությունները տեղեկացրել են այցելությունների մասին։ Հայաստանից հաղորդել են, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի հրավերով Էդվարդ Նալբանդյանը մայիսի 3-5-ը կայցելի Վաշինգտոն։ Ադրբեջանից հաղորդել են, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարի հրավերով Էլմար Մամեդյարովը Վաշինգտոնում կլինի մայիսի 4-5-ը։

Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի օգնական, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան APA գործակալությանը տված հարցազրույցում ասել է, թե այն, որ երկու արտգործնախարարները Վաշինգտոնում են լինելու միաժամանակ, զուգադիպություն չէ։ «Ինչպես պետքարտուղար Քլինթոնը, այնպես էլ նախագահ Օբաման նշել են, որ ցանկանում են նշանակալից առաջընթացի հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։ Երկու արտգործնախարարները առանձին-առանձին հանդիպումներ են ունենալու պետքարտուղարի հետ։ Իսկ մենք` համանախագահներս, պատրաստվում ենք մայիսի 7-ին Պրահայում կայանալիք Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպմանը», - ասել է ամերիկացի դիվանագետը։

Հայ - թուրքական հարաբերությունների ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացների մասին Բրայզան ասել է, թե դրանք երկու տարբեր գործընթացներ են։ «Մենք ակնկալում ենք, որ այդ երկու գործընթացները առաջ կշարժվեն զուգահեռաբար, բայց տարբեր արագությամբ», - նշել է նա։

Ամերիկացի համանախագահը հատուկ ընդգծել է, որ խոսելով հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման մասին` սահմանի բացում նկատի չունի. - «Սահմանի բացումը ավելի ուշ կլինի, հարաբերությունները նորմալացնելու գործընթացում»։

Բրայզայի խոսքերով` Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների նորմալացումը կբարելավի տարածաշրջանի դինագիտական, հոգեբանական իրավիճակը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու հնարավորությունը։

Ամերիկացի դիվանագետը վստահեցրել է, որ բանակցային սեղանին ունեն արդարացի ու հավասարակշռված փաստաթուղթ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG