Մատչելիության հղումներ

Մեկնարկեց Երեւանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավը


Շաբաթ օրը պաշտոնապես մեկնարկեց Երեւանի ավագանում ընտրությունների պաշտոնական քարոզարշավը։ Այն կտեւի մինչեւ մայիսի 29-ը։

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մի քանիսը այսօր ներկայացրին իրենց նախընտրական ծրագրերը։

«Մենք չափազանց մեծ կարեւորություն եւ նշանակություն ենք տալիս առաջին անգամ մեր մայրաքաղաքում տեղի ունենալիք բացառապես քաղաքական սկզբունքով ընտրություններին, եւ «Օրինաց երկիր» կուսակցությունը այս ընտրություններին մասնակցում է հաղթելու, հաջողելու վճռականությամբ», - կուսակցիների հետ հանդիպմանը հայտարարեց «Օրինաց երկիր»-ի նախագահ Արթուր Բաղդասարյանը։

Նա բավական մանրամասնորեն անդրադարձավ Երեւան քաղաքի ապագա կառավարմանն առնչվող իրենց ծրագրային պատկերացումներին` ընդգրկելով մայրաքաղաքի կենսագործունեությանն առնչվող գրեթե բոլոր ոլորտները։

Եղան նաեւ ընտրազանգվածի լսելիքի համար բավական հրապուրիչ արձանագրումներ։ Բաղդասարյանը, օրինակ, ասաց. - «Մեր քաղաքում այսօր, ցավոք, տեղի է ունենում օլիգարխիզացիայի հետեւողական գործընթաց։ Սուպերմարկետների անընդհատ բացման արդյունքում փակվում են փոքր եւ միջին խանութները։ Մենք այստեղ նույնպես անելիք ունենք»։

Կուսակցության թեկնածուների ցուցակը գլխավորող Հեղինե Բիշարյանը իր ելույթում հայտարարեց, թե «տասնյակ տարիներ շարունակ» ինքը համոզվել է, որ «Օրինաց երկիր» կուսակցության բոլոր ծրագրերը «եղել են մարտունակ»։

«Մեր քարոզարշավի հիմքում ընկած է լինելու առաջին հերթին բարությունը», - հավելեց նա։

Անհամեմատ ավելի մարդաշատ էր «ԲարգավաՃ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրի ներկայացման միջոցառումը։ Երեւանի քաղաքային տնտեսության ամենատարբեր ոլորտներին առնչվող մասնագիտական ելույթներով հանդես եկան կուսակցության անդամ, աստիճանավոր տնտեսագետներ։

Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթում մի քանի անգամ կրկնվեց առաջիկա ընտրություններում կուսակցության հիմնական կարգախոսը` «Մեր խոսքը գործ է»։

«Դա ոչ թե մենք անգիր ենք արել», - ասաց Ծառուկյանը։ - «Դա մեր սկզբունքն է եղել, որով մենք շարժվում ենք, որով աշխատում ենք, որով իրականացնում ենք ամեն քայլ»։

«Ես երեւանցի եմ եւ լավ գիտեմ երեւանցիների մտահոգությունները, բազմաթիվ դեռեւս չլուծված խնդիրները», - իր ելույթում ասաց «Բարգավաճ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող Հարություն Քուշկյանը։ - «Բայց ես վստահ եմ, որ մենք միասին կարող են լիարժեք եւ արդյունավետ ու վերջնական լուծում տալ բոլոր ծառացած խնդիրներին»։

Հայ հեղափոխական դաշնակցությունը իր քարոզարշավն այսօր սկսեց ծառատունկով Երեւանի Նուբարաշեն համայնքում՝ «Էրեբունու» թանգարանի մոտ:

Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ նախընտրական միջոցառումներ այսօր չեն ծրագրել:
XS
SM
MD
LG