Մատչելիության հղումներ

Freedom House. «Հայաստանը վերստին «ոչ ազատ» երկիր»


Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության այսօր հրապարակած «Մամուլի ազատություն 2009» զեկույցի համաձայն, Հայաստանը մնացել է «ոչ ազատ» երկրների շարքում։

Զեկույցում ամփոփված են 2008 թվականի զարգացումները։ Հայաստանը 68 միավորով Սինգապուրի հետ կիսել է 151-րդ տեղը, նախորդ զեկույցում Հայաստանը 66 միավորով 144-րդ տեղում էր Փղոսկրի ափի, Գվինեայի, Մալդիվների, Մոլդովայի եւ Պակիստանի հետ։

Հայաստանի, Ղրղըզստանի եւ Ռուսաստանի շարունակվող անկումը զեկույցում մասամբ բացատրվում է այդ երկրներում մամուլի նկատմամբ իրավական ճնշումներ գործադրելու եւ հեռարձակվող մամուլը վերահսկողոթյան տակ առնելու միտումներով։
Հայաստանի հարեւաններից Թուրքիան 50 միավորով զբաղեցրել է 101-րդ տեղը եւ ունի «մասամբ ազատի» կարգավիճակ,

Վրաստանը նույնպես «մասամբ ազատ» է, ունի 60 միավոր եւ Եգիպտոսի, Գվատեմալայի ու Քենիայի հետ 128-րդ տեղն է կիսում։ Ադրբեջանը «ոչ ազատ» է, 78 միավորով 168-րդն է, Իրանը էլ ավելի վատթար վիճակում է. 85 միավորով Չինաստանի, եւ Ռուանդայի հետ 181-րդ տեղն է կիսել։

Այս տարվա զեկույցում նշվում է, որ լրագրողների աշխատանքային պայմանները 2008-ի ընթացքում վատթարացել են, անկումը շարունակվում է 7 տարի անընդմեջ, ընդ որում անցյալ տարի բացասական միտումները գրանցվել են ոչ միայն ավանդաբար ավտորիտար համարում ունեցող երկրներում, այլեւ դեմոկրատական գնահատվող Իսրայելում, Իտալիայում եւ Հոնկոնգում, որոնք «ազատ երկրների» անվանակարգից տեղափոխվել են «ոչ ազատների» շարքը։

«Լրագրությունն այսօր գոյատեւման հարց է լուծում, ճնշումների ենթարկվելով ոչ միայն կառավարությունների եւ ազդեցիկ այլ դերակատարների կողմից, այլեւ ծանր կորուստ կրելով տնտեսական ճգնաժամի հետեւանքով»,- ասել է Freedom House-ի գործադիր տնօրեն Ջենիֆեր Ուինդզորը։

Ընդհանուր հաշվով զեկույցում ընդգրկված է 195 երկիր եւ տարածք, որոնցից 70-ը (36 տոկոս) «ազատ» է, 61-ը (31 տոկոս) «մասամբ ազատ» է եւ 64 երկիր (33 տոկոս) «ոչ ազատ»։

Ավանդապես, մոլորակի ամենավատ կացությունը մամուլի ազատության առումով Բուրմայում է, Էրիթրեայում, Լիբիայում, Հյուսիսային Կորեայում եւ Թուրքմենստանում։

Աշխարհի առավել ազատ երկրների եռյակում են Իսլանդիան, Ֆինլանդիան եւ Նորվեգիան:
XS
SM
MD
LG