Մատչելիության հղումներ

Հայաստանը՝ ընդդեմ խոզի գրիպի


Առողջապահության ոլորտի պատասխանատուները վստահեցնում են, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու խոզի գրիպի վարակի մուտքը Հայաստան:

Առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային պետական տեսչության պետ Արտավազդ Վանյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը կրկին հայտարարեց, որ Հայաստանում խոզի գրիպի դեպքեր չեն արձանագրվել եւ ավելացրեց, որ երեկվանից խստացվել են բժշկական վերահսկողության մեխանիզմները սահմանային անցակետերում:

«Հայաստանի Հանրապետությունում ոչ մի դեպք չի արձանագրվել: Անգամ կասկածելի դեպքերում մենք կիրազեկենք: Երեկվանից հսկողություն ենք սահմանել բոլոր ժամանող ուղեւորների նկատմամբ», - հայտարարեց Վանյանը:

Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը հայտնեց, որ Հայաստան ժամանող ուղեւորների առողջական վիճակի մասին տեղեկություններ են ստացվում դեռ վայրէջքից առաջ. - «Եթե լինեն կասկածելի դեպքեր, նույնիսկ այդտեղ՝ օդում, նրանք կմեկուսացվեն»:

Ասոյանը հավելեց, որ հայաստանյան եղանակը բարենպաստ չէ այս հիվանդության տարածման համար. - «Փառք Աստծո, մենք գնում ենք դեպի ամառ, դեպի շոգ ամիսներ: Իսկ այս հարուցիչը, այս գրիպը, ինչպես նաեւ բոլոր վիրուսները ընդհանրապես շատ անկայուն են շոգ եղանակներին, շատ շուտ ոչնչանում են արեւի ուղիղ ճառագայթների ազդեցության տակ»:

Թեեւ այս վարակի դեմ դեռ պատվաստանյութ չկա, սակայն Ասոյանը հավաստիացրեց, որ Հայաստանում բավարար քանակությամբ կան այս հիվանդության դեպքում բարձր արդյունավետություն ապահովող անհրաժեշտ քանակությամբ դեղամիջոցներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG