Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն հաստատեց ընտրական ցուցակները


Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հինգշաբթի օրը հաստատեց մայիսի 31-ին նշնակաված Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ընտրական ցուցակները:

Ընտրացուցակնեը հաստատվեցին գրեթե առանց առարկությունների: Ըստ այդմ՝ ընտրություններին կմասնակցեն հետեւյալ քաղաքական ուժերը. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Ժողովրդական կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւ «Օրինաց երկիր» կուսակցությունը։

Ցուցակների հաստատման առնչությամբ միակ առարկությունը կապված էր ՀՅԴ-ի ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանի թեկնածության հետ։ Առարկողը ԿԸՀ-ում «ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանն էր։ Վերջինիս խոսքով, Արծվիկ Մինասյանի` Երեւանում մշտական բնակության իրողությունը հաստատելու մասին դատարանի որոշումն ամենեւին էլ հիմք չէ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատի Մինասյանի թեկնածությունը։

«Բարոյական դաշտում, ես կարծում եմ, պարոն Մինասյան Արծվիկը պարտություն է կրում՝ եթե նա չի հանում իր թեկնածությունը», - ասաց Թադեւոսյանը՝ հավելելով, թե դատարանը ինչ տեղեկանք ասես, կարող է տալ. - «Բայց գոնե օրենքի տարրական պահանջները պահպանենք... Երեւան քաղաքում պետք է քաղաքապետ լինի երեւանցին: Եվ եթե երեք տարի մշտապես բնակություն ունենալու հաշվառումն էլ հաշվի չենք առնում…»:

Առարկությունը դրվեց քվեարկության եւ ձայների ճնշող մեծամասնությամբ մերժվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG