Մատչելիության հղումներ

Ծեծի է ենթարկվել «Արմենիա Թուդեյ» գործակալության գլխավոր խմբագիրը


Դաժան ծեծի է ենթարկվել «Արմենիա Թուդեյ» գործակալության գլխավոր խմբագիր Արգիշտի Կիվիրյանը, լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Դաժան ծեծի է ենթարկվել «Արմենիա Թուդեյ» գործակալության գլխավոր խմբագիր Արգիշտի Կիվիրյանը, լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Այսօր առավոտյան ժամը 5-ի սահմաններում աշխատանքից տուն վերադառնալիս Նալբանդյան 9 շենքի շքամուտքում անհայտ անձանց կողմից հարձակման եւ դաժան ծեծի է ենթարկվել «Արմենիա Թուդեյ» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Արգիշտի Կիվիրյանը։

Խմբագիրը մարմնական բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է Երեւանի 3-րդ քաղաքային հիվանդանոց. որտեղից Կիվիրյանը տարվել է Էրեբունի բժշկական կենտրոն եւ այս պահին գտնվում է կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքում: Մի քանի ժամ առաջ նա այստեղ տեղափոխվեց վերակենդանացման բաժանմունքից:

Դաժան ծեծի է ենթարկվել «Արմենիա Թուդեյ» գործակալության գլխավոր խմբագիր Արգիշտի Կիվիրյանը, լուսանկարը` Գագիկ Շամշյանի
«Ախտորոշումը եղել է գլխի գագաթային հատվածի բազմակի պատռած, ջնջխած վերքեր` թվով երեք: Ընդհանուր վիճակը ընդունելիս գնահատվել է միջին ծանրության: Ավելի լուրջ կամ ծանր վնասվածքներ չեն հայտնաբերվել», - «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան տեղեկացրեց Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հարություն Մանգոյանը:

Հիվանդանոցում գտնվող Արգիշտի Կիվիրյանի քույրը` Արմենիկա Կիվիրյանը որոշ մանրամասներ պատմեց. - «Ժամը 5-ի կողմերը, երեք հոգի բիտաներով հարձակվել են, զենք են ունեցել, որովհետեւ մենք լսել ենք երեք կրակոց: Կինը եւ ես, լսելով աղմուկը, դուրս ենք եկել բնակարանից, իջել ենք ներքեւ: Բարեբախտաբար կրակոցները իրեն չեն դիպել: Ունի վնասվածքներ ամբողջ մարմնով մեկ, հիմնականում գլխի մասում»:

Դեպքի վայրում հայտնաբերված արյունոտ ձողը, որը օգտագործվել է Կիվիրյանին ծեծելիս: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
«Մենք երրորդ հարկում ենք ապրում: Երեւի մի կես հարկ իջել էինք, արդեն կրակոցներ կային էդ ընթացքում: Ոչ ոքի չենք տեսել: Մենք կարծում էինք հրազենային վնասվածքներ ուներ գլխի շրջանում... ամբողջովին արյան մեջ էր, բայց փառք Աստծո, պարզվեց, որ վնասվածքները խփելուց են», - շարունակեց Արգիշտի Կիվիրյանի քույրը` Արմինկա Կիվիրյանը:

Արգիշտի Կիվիրյանի կինը հայտնի փաստաբան Լուսինե Սահակյանն է, ով զբաղվում է ընդդիմության ակտիվիստներին առնչվող մի քանի աղմկոտ գործերով: «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում, պատասխանելով հարցին, արդյո՞ք հարձակումը կապված էր Արգիշտի Կիվիրյանի կամ իր` Լուսինե Սահակյանի մասնագիտական գործունեության հետ, ասաց. - «Համենայնդեպս անձնական ոչ մի խնդիր չի ունեցել ոչ ինքը, ոչ ես»:

«Ոչինչ չեմ կարող բացառել, բայց չեմ կարող նաեւ դա պնդել», - շարունակեց Սահակյանը։ - «Համենայն դեպս, ինքը՝ Արգիշտին, զբաղվում է եւս փաստաբանական գործունեությամբ, եւ ամենակարեւորը՝ լրագրողական գործունեությամբ. Երկու ինֆորմացիոն գործակալությունների խմբագիր է հանդիսանում»։

Դեպքի առիթով Լուսինե Սահակյանը հայտարարություն է ներկայացրել ոստիկանություն: Կատարվել է դեպքի վայրի զննություն։ Ոստիկանության կայքում տեղադրված պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Սայադ Շիրինյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, թե արդյո՞ք տեղազննության արդյունքում հրազենի կիրառման հետեւանքներ հայտնաբերվել են, նշեց, որ հրազենի գործադրման մասին վկայություններ չկան: Առայժմ հաստատվում է միայն Արգիշտի Կիվիրյանին ծեծի ենթարկելու փաստը։
XS
SM
MD
LG