Մատչելիության հղումներ

Գեորգի Պետրոսյան. «Հնարավոր է, որ կոշտացնենք մեր դիրքորոշումները»


Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը դժվարանում է ասել, թե ապագայում ինչ է սպասում Ղարաբաղի ժողովրդին, բայց համոզված է, որ ինչ էլ լինի` բխելու է Ղարաբաղի ժողովրդի շահերից: Այդ մասին նա հայտարարեց չորեքշաբթի օրը Ղարաբաղի խորհրդարանում:

«Ցանկացած ժողովուրդ, երբ սկսում է կազմակերպել, երբ սկսում է ստեղծել պետություն, ապա առաջնորդվում է պետության եւ իր ժողովրդի շահերից: Այդ տեսակետից, այո, շատ կարեւոր է` ինչ է գրվել Հայաստանում, բայց շատ ավելի կարեւոր է` ինչ ենք անելու եւ ինչ ենք ասելու մենք», - ասաց Պետրոսյանը:

«Ժողովրդավարություն» խմբակցությունը հետաքրքրվեց, թե պաշտոնապես գաղտնի համարվող Մադրիդյան սկզբունքները որքանո՞վ թույլ կտան հասնել որեւէ համաձայնության, որը կբավարարի նաեւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:

Արտգործնախարարը, Մադրիդյան սկզբունքների շուրջ ընթացող բանակցությունները համարելով ընդամենը «կոնսուլտացիա», ընդգծեց. - «Կա կտրուկ անհամաձայնություն Ղարաբաղի կողմից այդ Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ` մի քանի հիմնական կետերի վրա, դրա մասին խոսվել է, ասվել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումը ոչ մի կետով այսօրվա վիճակով չի փոխվել, կարող է պատահի, որ մենք մի քիչ էլ ավելի կոշտացնենք մեր դիրքորոշումները»:

Գեորգի Պետրոսյանը վստահեցրեց, որ Ղարաբաղի հարցի հետ կապված երբեք չի լինի որեւէ որոշում, որի մասին նախապես ժողովուրդը չիմանա:

Ի պատասխան պատգամավորներից մեկի հարցի` հնարավո՞ր է արդյոք, որ մի օր Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան կարգավորման սկզբունքների շուրջ` առանց Ղարաբաղի մասնակցության, եւ եթե այո` ինչպիսի՞ քայլեր կձեռնարկի Ղարաբաղի ղեկավարությունը, արտգործնախարարը հայտնեց, որ վերջերս Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներից պահանջել էր որեւէ հանդիպում կազմակերպել Ադրբեջանի եւ Ղարաբաղի ղեկավարների միջեւ: Գեորգի Պետրոսյանը ենթադրում է, որ համանախագահները վերջերս չժամանեցին Ղարաբաղ, քանի որ իրենց հետ պետք է կոնկրետ պատասխան բերեին:

«Շատ պարզ է, որ Ադրբեջանը չի ուզում մասնակցել, բայց դա շատ բնական է իրենց համար եւ շատ անբնական է մեզ համար: Եվ սա մեր լծակներից մեկն է, որով մենք կարողանում ենք, կկարողանանք եւ պետք է անենք, որ թե՛ Հայաստանի հետ երկխոսության ժամանակ, թե՛ համանախագահների եւ միջազգային տարբեր կառույցների հետ, այդ հարցը դրվի եւ պնդվի», - ընդգծեց Ղարաբաղի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG