Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Հայերն արդեն ինքնորոշվել են»


«Ադրբեջանը անգամ Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում չի համագործակցի Հայաստանի հետ, մինչեւ չլուծվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը», - Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

«Հայաստանի դիրքորոշումը հարցի վերաբերյալ հետեւյալն է», - Բրյուսելում բացահայտել է Ադրբեջանի նախագահը, - «Լեռնային Ղարաբաղի բնակիչները պետք է ինքնորոշվելու իրավունք ունենան, բայց դա չի նշանակում, թե ինքնորոշումը պետք է խախտի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հայերն արդեն ինքնորոշվել են. նրանք իրենց անկախ երկիրն ունեն` Հայաստանի անկախ հանրապետությունը»։

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն ասուլիսում հայտարարել է, որ իր եւ Ադրբեջանի նախագահի միջեւ հարցերի լայն շրջանակ է քննարկվել` այդ թվում էներգետիկ համագործակցության եւ «Նաբուկո» ծրագրին առնչվող խնդիրների վրա են կենտրոնացել։

«Ադրբեջանը Եվրոպայի համար շատ կարեւոր գործընկեր է։ Մենք ցանկանում ենք ավելի ընդլայնել մեր համագործակցությունը։ Էներգակիրներն այն հարցերի շրջանակից են, որտեղ համագործակցելով երկու կողմերն էլ շահող են դուրս գալիս», - իր խոսքում նշել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Ալիեւը երեկ նաեւ ներկա է գտնվել Եվրոպական քաղաքական կենտրոնի կազմակերպած քննարկմանը, որը, ի դեպ, այսպիսի անվանում է ունեցել` «Ադրբեջան. գործընկեր, որի նշանակությունը Եվրամիության համար անընդհատ աճում է»։ Այս հանդիպման ժամանակ եւս Ադրբեջանի նախագահը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին` նշելով. - «Հիմնահարցի լուծման միակ ճանապարհը գրավյալ 7 տարածքների վերադարձն է։ Դրանից հետո Ադրբեջանը կարող է Ղարաբաղին տալ ինքնավարության ամենաբարձր աստիճանը։ Բայց անկախություն երբեք չի շնորհի»:

Այսօր Ադրբեջանի նախագահը Բրյուսելում կշարունակի իր հանդիպումները: Մասնավորապես, սպասվում է Իլհամ Ալիեւի եւ Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի բանակցությունները։ Այս դեպքում նույնպես խոսակցության հիմնական թեման Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագիրը եւ Ադրբեջանի հետ էներգակիրների հարցում համագործակցությունը կդառնան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG