Մատչելիության հղումներ

Ամերիկացիների մեծ մասը դրական է գնահատում Օբամայի 100 օրը


Սոցիոլոգիական հարցումների համաձայն` ամերիկացիների մեծամասնությունը դրական է տնահատում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման առաջին 100 օրը:

Gallup-ի անցկացրած վերջին հարցումների արդյունքներով, մասնավորապես, ամերիկացիների 56 տոկոսը համոզված է, որ նախագահը գերազանց է աշխատում, 80 տոկոսը պարզապես գոհ է Օբամայի քաղաքականությունից, մինչդեռ վատ կամ շատ վատ գնահատական նախագահի 100 օրվան տվել է ամերիկացիների շուրջ 20 տոկոսը:

«Այսպիսի բարձր վարկանիշ առաջին 100 օրվա ընթացքում չեն ունեցել ո՛չ Ջորջ Բուշը, ո՛չ Բիլ Քլինթոնը», - փաստում են փորձագետները` ընդգծելով, որ Օբաման այդ արդյունքն արձանագրում է ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի եւ աննախադեպ գործազրկության պայմաններում:

Ընդ որում, Gallup-ի անցկացրած հարցման մասնակիցների մեծամասնությունը բարձր է գնահատել հենց տնտեսական ոլորտում Օբամայի ձեռնարկած քայլերը. 27 տոկոսի կարծիքով, մասնավորապես, պաշտոնավարման 100 օրերի ընթացքում լավագույն քայլը Օբամայի կողմից եղել է տնտեսության առողջացմանն ուղղված շուրջ 800 միլիարդանոց ծրագիրն ու նոր աշխատատեղերի ստեղծումը, 21 տոկոսը բարձր է գնահատել Օբամայի վարած արտաքին քաղաքականությունը, 14 տոկոսը պնդել է, որ նա այս ժամանակահատվածում բարելավել է Միացյալ Նահանգների վարկանիշն աշխարհում:

Հարցին, թե ո՞րն էր ամենասխալ քայլը առաջին 100 օրվա ընթացքում, ամերիկացիների 28 տոկոսը պատասխանել է, թե Օբաման հարկատուների վճարած միջոցներից բավական շատ գումար է տրամադրում ճգնաժամային վիճակում հայտնված ընկերությունները փրկելու համար:

Ընդհանուր առմամբ, լրատվամիջոցները փաստում են. պաշտոնավարման առաջին 100 օրերի ընթացքում Միացյալ Նահանգների նախագահը փակեց Գուանտանամոյում գտնվող գաղտնի բանտերը, վերանայեց Աֆղանստանում եւ Իրաքում ԱՄՆ-ի քաղաքականությունը, տնտեսության առողջացմանն ուղղված մի շարք միջոցառումներ ձեռնարկեց, այցելեց մեկ տասնյակ երկիր ու բանակցություններ վարեց շուրջ 50 երկրների ղեկավարների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG