Մատչելիության հղումներ

Ընտրացուցակում Երեւանի հաշվառում չունեցող քաղաքացիների գրանցումը կասեցվեց


Հայաստանի սահմանադրական դատարանը որոշել է ժամանակավորապես կասեցնել ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերության գործողությունը, որը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքի ընտրողների ցուցակում ընդգրկվելու հնարավորություն է տալիս հաշվառում չունեցող քաղաքացիներին:

Սահմանադրական դատարանի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, ապրիլի 28-ին, քննության առնելով Ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերության սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ գործով դիմող կողմի միջնորդությունը, ՍԴ-ն որոշել է. - «Որպես դիմումի ապահովման միջոց, մինչեւ 2009 թվականի մայիսի 8-ին տվյալ գործի դատաքննության ավարտը եւ Սահմանադրական դատարանի կողմից գործով որոշման ընդունումը, ժամանակավորապես կասեցնել ՀՀ ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերության գործողությունը»:

Ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունում, մասնավորապես, ասված է. - «Ընտրելու իրավունք ունեցող եւ հաշվառում չունեցող քաղաքացիները քվեարկության օրվանից մինչեւ 21 օր առաջ իրենց համայնքի ղեկավարին, իսկ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան մինչեւ 15 օր առաջ` նաեւ լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ներկայացնում են ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ հայտ: Հաշվառում չունեցող քաղաքացիներն ընտրողների ցուցակում ընդգրկվում են բնակության վայրի մասին տեղեկանքի հիման վրա»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) ներկայացնող Պատվական Հովակիմյանը, ինչպես նաեւ ավագանու անդամի թեկնածուներ Արտակ Զեյնալյանը եւ Ռուբեն Թորոսյանը ապրիլի 16-ին դիմել էին Սահմանադրական դատարան, պնդելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակացույցում ամրագրված այն դրույթը, ըստ որի` առաջիկա ընտրություններում քվեարկության իրավունք ունեն նաեւ մայրաքաղաքի որեւէ համայնքում առնվազն մեկ տարվա հաշվառում չունեցող անձինք, «հակասահմանադրական եւ հակաօրինական է»:

Ընդդիմադիրները նաեւ մտավախություն էին հայտնել, որ այդ դրույթը կարող է չարաշահվել Երեւանի ավագանու ընտրություններում՝ ընտրացուցակում Երեւանում փաստացի չբնակվող անձանց գրանցելու ճանապարհով, ինչը, նրանց պնդմամբ, խախտում է «Երեւանի բնակչի՝ Երեւանի հաշվառում ունեցող քաղաքացու իրավունքները»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը մեկնաբանեց. - «Դա արվում է ապահովելու համար Երեւանում չհաշվառված մարդկանց քվեարկությունը իշխանությունների վերահսկողության տակ»:

«Մայիսի 8-ից մենք կշարունակենք մոնիտորինգը, տեսնենք, թե ինչքան մարդ են նրանք բերելու եւ ավելացնելու ցուցակների մեջ», - ասաց Հայ ազգային կոնգրեսի համակարգող:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը ընդդիմադիրների հայտարարությունները «անհիմն» էր համարել:

Մինչ Սահմանադրական դատարան դիմելը, ընդդիմադիրների հայցը մերժվել էր Վարչական դատարանում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նույն որոշումը Վարչական դատարանում վիճարկում է նաեւ Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը:

«Ես համարում եմ, որ հանձնաժողովը հնարավորություն է տալիս շահագրգիռ անձանց` կեղծելու ընտրական գործընթացը», - չորեքշաբթի օրը դատարանում պնդեց Կարապետյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ որոշումը հակասում է Ընտրական օրենսգրքի մեկ այլ` 2-րդ հոդվածին, որում ասված է, որ Հայաստանում ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, իսկ տեղական ինքնակառավարման մարմիների ընտրությունների ժամանակ` նաեւ համապատասխան համայնքում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող եւ փաստացի բնակվող յուրաքանչյուր ոք:

Պատասխանող կողմի` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբան Նունե Հովհաննիսյանի մեկնաբանությամբ, սակայն, «նաեւ» բառը այստեղ նշանակում է, որ ընտրություններին բացի 18 տարին լրացած քաղաքացիներից կարող են մասնակցել նաեւ օտարերկրյա քաղաքացիները, որոնք կարող են ընտրությունից մի քանի օր առաջ հաշվառվել այդ համայնքում ու մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների, տվյալ դեպքում` Երեւանի ավագանու ընտրություններին:

«Սահմանադրության 30 հոդվածի երկրորդ մասը հստակ ամրագրում է, որ օրենքով կարող է սահմանվել ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց` տեղական ինքնակառավարման մարմինների [ընտրություններին] մասնակցելու իրավունքը», - ասաց Հովհաննիսյանը:

Տիգրան Կարապետյանը իր ամփոփիչ խոսքում վստահություն հայտնեց, թե այս ամենը արվում է ընտրությունները արդյունքները կեղծելու նպատակով:

«Ինչո՞ւ է հանձնաժողովը պնդում, որ ընդհուպ մայիս ամսին կարող եք հաշվառվել` [մայիսի 31-ի ընտրություններից] 10 օր առաջ, 15 օր առաջ հաշվառվել եւ ընտրել: Որտեղի՞ց են էքսպորտ բերել այդ անձնավորություններին: Շատ ցանկալի կլիներ իմանալ` հենց ինչո՞ւ նեղ ընկած տեղը այդ հաշվառման գործընթացը առաջ եկավ», - շեշտեց Ժողովրդական կուսակցության նախագահը:

Վարչական դատարանը Կարապետյանի հայցով վճիռ կկայացնի մայիսի 4-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG