Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական հարաբերությունները քննարկվել են Ազգային ժողովում


Ազգային ժողովում երեքշաբթի հրավիրված խորհրդակցությանը, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԱԺ-ի մշտական հանձնաժողովների նախագահներին եւ խմբակցությունների ներկայացուցիչներին ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգման գործում առկա իրավիճակը եւ վերջին զարգացումները:

Խորհրդակցությունը ընթացել է փակ ռեժիմով` առանց լրագրողների մասնակցության եւ տեւել է շուրջ երկու ժամ: Քննարկվել է, մասնավորապես, ապրիլի 22-ի հայ-թուրք-շվեյցարական համատեղ հայտարարությամբ հիշատակված հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզը»:

Խորհրդակցությունից հետո խորհրդարանի «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրենց խմբակցության անդամներին էդվարդ Նալբանդյանի պարզաբանումները չեն գոհացրել:

«Մտահոգությունները մնում են։ Ճանապարհային քարտեզի կետերը չեն գաղտնազերծվել», - նշեց Սաֆարյանը:

Անցած շաբաթ թուրքական Sabah թերթը, վկայակոչելով Թուրքիայի արտգործնախարարության իր աղբյուրը, հրապարակել էր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնեցված «ճանապարհային քարտեզի» 5 կետեր, այդ թվում, թերթի պնդմամբ՝ Հայաստանի կողմից Կարսի պայմանագրի ճանաչում, «ցեղասպանության մեղադրանքները» ուսումնասիրող պատմաբանների հանձնաժողովի ստեղծում, առեւտրական համաձայնագրերի ստորագրում եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում:

Ապրիլի 25-ին Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ Sabah թերթում հրապարակված հայ-թուրքական համաձայնության կետերը «իրականության հետ կապ չունեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG