Մատչելիության հղումներ

ԱԺ-ի ժամանակավոր հանձնաժողովը հրապարակային նիստ է հրավիրելու


Մարտի 1-2- իրադարձություններն ու դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը, ամենայն հավանականությամբ, այս շաբաթվա ընթացքում կհրավիրի հրապարակային նիստ:

Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը «Ազատություն» ռադիոկայանին հետ զրույցում հավելեց, թե հնարավոր է, որ այդ նիստին հրավիրվի նաեւ Հայաստանի նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը:

Իսկ այսօրվա աշխատանքային նիստում հանձնաժողովը լսեց մարտի 1-ին վիրավորված երկու քաղաքացու եւ ոստիկանության զորքերի նախկին ծառայողի։ Նրանք մանրամասն պատմեցին հանձնաժողովի անդամներին, թե երբ, որտեղ եւ ինչ հանգամանքներում են վիրավորվել։

Ամենածանր` կյանքի համար վտանգավոր վնասվածք էր ստացել Խոր Վիրապ գյուղի բնակիչ բնակիչ Խաչիկ Դավթյանը։ Նա մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ եղել է Մյասնիկյանի արձանի շրջակայքում, հետո նաեւ՝ Մաշտոց պողոտայի եւԳրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկում, որտեղ էլ վիրավորվել է «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցի արկից։

Հանձնաժողովականների հետ զրույցի սկզբում Խաչիկն ասաց, թե հետաքրքրությունից դրդված է գնացել Մյասնիկյանի արձանի մոտ: Ավելի ուշ, սակայն, Խաչիկը, ասաց. - «Անձամբ ես ուզում էի, որ լրիվ փոփոխություն լիներ»:

Հանձնաժողովի անդամներից մեկի հարցին, թե կայի՞ն նման կոչեր, Խաչիկը արձագանքեց. - «Բա ոնց չկային»:

Խաչիկը որոշ մանրամասներ պատմեց նաեւ, թե ինքն ինչպես է վիրավորվել։ Նախ, իր խոսքով, մինչեւ վիրավորվելը ինչ-որ իր է իրեն դիպել. - «Կպավ կուրտկային, ընկավ, վերցրեցի, մի ձեւի էլ անպետք հոտ էր գալիս»:

Դրանից մոտ 20 րոպե անց արդեն ոտքից վիրավորվել է: Սկզբում իրեն թվացել է, թե ոտքն ընդհանրապես կտրվել է. - «Ոտքս ծալվել էր… Ես իմ ձեռքով ոտքս սեղմել եմ տեղը… Մեկ էլ զարթնել եմ՝ հիվանդանոցում»:

Մաշտոցի պողոտայի եւ Գրիգոր Լուսավորչ փողոցի խաչմերուկում,, իր խոսքով, ուժեղ կրակոցների ժամանակ Խաչիկը տեսել է, թե ինչպես է գլխից մահացու վնասվածք ստացել մեկ հոգի. - «Գլուխը տրաքեց… գանգը սաղ գետնին լցված էր»:

Հատուկ քննչական ծառայության տվյալներով, այդ հատվածում գլխից վնասվածք է ստացել ու մահացել Սամվել Հարությունյանը։

Առաջին անգամ Խաչիկից փորձել են ցուցմունք վերցնել հիվանդանոցում։ Բայց ի վիճակի չի եղել հարցերին պատասխանել։

Մեկուկես ամիս հետո հիվանդանոցից դուրս է գրվել։ Մայիսի 17-ին տանից տարել են գլխավոր դատախազություն. - «Այնտեղ էլ անշնորհքավարի հետս վարվելով, ոտքս են ոլորել, հայհոյանք են տվել Ցուցմունք գրելու համար ոտքս նորից ոլորեց, թե՝ հեսա ոտքդ նորից կջանդեմ»:

Հատուկ քննչական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ մայիսի 17-ին Խաչիկ Դավթյանին չեն հարցաքննել։

Այսօր Խաչիկ Դավթյանն ասաց, որ առաջին անգամ հարցաքննության ժամանակ քննիչը պարտադրել է ցուցմունք տալ [«Հանրպապետություն» կուսակցության առաջնորդ] Արամ Սարգսյանի դեմ, ինչից ինքը հրաժարվել է: Ի վերջո, ցավերին չդիմանալով գրել է, որ մարտի 1-ին ոստիկանների վրա քարեր է նետել եւ դրա համար էլ իր վրա կրակել են։

Երեկ Հատուկ քննչական ծառայությունում խաչիկը պնդել է իր նախկին ցուցմունքը, բայց արդեն չի գրել, որ մարտի 1-ին ոստիկանների վրա քարեր է նետել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG