Մատչելիության հղումներ

Լեւոն Զուրաբյան. «Նախ պետք է դիտարկել ներքին հաշտեցման ճանապարհային քարտեզը»


Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեքշաբթի օրը հայտարարեց, թե հնարավոր չէ հասարակական լուրջ աջակցություն պահանջող հայ-թուրքական հաշտեցման գործընթացի իրականացում՝ քանի դեռ իրականացված չէ ներհայկական հաշտեցման գործընթացը:

Լրագրողների հետ հանդիպմանը Զուրաբյանը ասաց, որ Հայաստանը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջեւ, որոնց դիմագրավելու համար իշխանությունները պետք է առաջին հերթին նախաձեռնեն «ազգային համաձայնության մթնոլորտի ստեղծում, հասարակական կարծիքի կոնսոլիդացիա եւ երկխոսություն ընդդիմության հետ»։

Հայաստանի իշխանությունները, մինչդեռ, ընդդիմադիր գործչի խոսքով, ընտրել են միանգամայն հակառակ ճանապարհ. - «Հնարավոր չէ հասարակական լուրջ աջակցություն պահանջող հայ-թուրքական հաշտեցման գործընթացի իրականացում, մինչեւ իրականացված չէ ներհայկական հաշտեցման գործընթացը: Այսօր անիմաստ է հայ-թուրքական հաշտեցման «Ճանապարհային քարտեզի» դիտարկումը: Այսօր պետք է դիտարկել, առաջին հերթին, ազգային ներքին հաշտեցման ճանապարհային քարտեզը»:

Լեւոն Զուրաբյանի խոսքով, ՀԱԿ-ը ձեռնպահ մնաց ապրիլի 22-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված համաձայնության շուրջ հայտարարության վերաբերյալ ամփոփ գնահատական տալուց, քանի որ չի հավատում իշխանությունների մեկնաբանություններին եւ թուրքական մամուլի հրապարակումներին եւ հիմք է ընդունելու միայն հրապարակվելիք փաստաթուղթը:

«Մենք շատ լուրջ հիմքեր ունենք կասկածելու, որ հայ-թուրքական հաշտեցման, ինչպես նաեւ Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացները օգտագործվում են Սերժ Սարգսյանի կողմից ուղղակի միջազգային հանրության աջակցությունը ստանալու՝ ընդդիմության ջարդելու նպատակով: Այսինքն՝ նա միջազգային հանրությանը ներկայացնում է, որ մեծ գործ է անում, ուստի միջազգային հանրությունը կարող է նաեւ աչք փակել որոշակի խախտումների նկատմամբ», - հավելեց Զուրաբյանը:

Բնականաբար, ասուլիսում Լեւոն Զուրաբյանը նաեւ անդրադարձավ Դաշնակցության` Հայաստանի իշխող կոալիցիան լքելու եւ ընդդիմության շարքերը համալրելու հարցին։

Հիշեցնեմ, որ նախօրեին Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի հետ համագործակցությանը վերաբերյալ հարցին ի պատասխան հայտարարել էր, թե ՀԱԿ-ի հետ գաղափարական դաշտում «անհամատեղելի են այս պահին, որովհետեւ նրանց ո՜չ գաղափարական մոտեցումներ են ընդունում, ո՜չ էլ քաղաքական պահվածքը»։

Ըստ Լեւոն Զուրաբյանի, Հայ ազգային կոնգրեսը կհամագործակցի Հայ հեղափոխական Դաշնակցության հետ միայն այն դեպքում, երբ համոզվի, որ Դաշնակցությունը իրական եւ սկզբունքային ընդդիմություն է դարձել. - «Կարելի է հայտարարել, որ ընդդիմություն ես, բայց իրական ընդդիմություն դառնալու իրավունքը պետք է վաստակել: Բայց արդեն հայտարարությունը մենք գնահատում ենք որպես առաջին ծիծեռնակ, որպես առաջին նշաններ, որ այս ռեժիմը կենսունակ չէ, եւ ապագայում կլինեն նոր զարգացումներ այդ ուղղությամբ: Եթե Դաշնակցությունը իսկապես բռնի սկզբունքային ընդդիմություն լինելու ճանապարհը, մենք չենք բացառում նման համագործակցությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG