Մատչելիության հղումներ

«Նաիրիտ»-ը կրկին արտադրանք է թողարկել


4,5 ամսվա դադարից հետո խորհրդային տարիների քիմիական արդյունաբերության հսկաներից «Նաիրիտ» գործարանը կաուչուկի առաջին արտադրանքն է թողարկել։ Գործարանում, սակայն, շարունակում են հրատապ մնալ բազմաթիվ խնդիրներ:

«Աշխարհի հզորագույն քիմիական պետությունների շարքում կլինենք՝ եթե «Նաիրիտ»-ը աշխատի», - այսօր «Նաիրիտ» գործարանում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: - «Պետության համար «Նաիրիտ»-ի աշխատելը ունի էական նշանակություն»:

Գործարանի գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանը վստահեցրեց, որ հարկադիր պարապուրդից վերադարձել են բոլոր աշխատողները, թեեւ աշխատողների հստակ թիվ չնշեց. - «Ես չեմ ասի հստակ, [բայց] հազարից ավելի մարդիկ, ովքեր հարկադիր պարապուրդում էին, վերադարձել են»:

Մելքոնյանի խոսքով, այժմ ամսական միջին հաշվով մոտ 700 տոննա կաուչուկ են արտադրում։ Դա անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2,5 անգամ պակաս է. - «Մենք մինչեւ հիմա էլ աշխատում ենք կամ վնասով, կամ սահմանային գծում»:

Գործարանի 90 տոկոս բաժնետերը բրիտանական Rhinoville Property Limited ընկերությունն է, 10 տոկոս բաժնետերը ՀՀ կառավարությունը։ Սակայն թե որպես բաժնետեր ու թե որպես երկրի տնտեսության պատասխանատու, կառավարությունն առանձնապես դերակատարություն չունի։

Գործարանի գլխավոր տնօրենն ասում է. - «Դե, իհարկե, մենք կուզեինք, որ մեզ էլ օգնեն [Հայաստանի կառավարությունը]՝ ճգնաժամը հաշվի առնելով: Բայց ոչ ոք դեռ այդպիսի օգնություն մեզ չի առաջարկել: Ոչ մի թիվ չի քննարկվել: Եվ ես, ճիշտն ասած, այս պայմաններում չեմ էլ գտնում նպատակահարմար դիմել այդպիսի հարցով կառավարությանը»:

Գործարանի ղեկավարությունը հույսը դրել է վարկերի վրա։ Այժմ վարկեր ունեն ստացած 9 բանկերից, որոնցից 4-ը՝ միջազգային։

Տնօրենը փոխանցեց, որ վարկերի հաշվին գործարանը մարել է իր նախկին պարտքերի մի մասը, այդ թվում՝ աշխատավարձի ու «Հայաստանի էլցանցեր» ընկերությանն ունեցած մոտ 1 միլիարդ դրամի հասնող պարտքը։

Գործարանի աշխատողները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում դժգոհեցին, որ սարքավորումները հնամաշ են, աշխատավարձը՝ ցածր։

«50 տարի այստեղ աշխատում եմ: 85 հազար դրամ եմ ստանում… Ինձանից քիչ ստացող էլ կա», - ասաց բանվորներից մեկը:

Բանվորների խոսքով, անցած 4-5 տարիներին գործարանում աշխատավարձի բարձրացում չի եղել։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացավ, որ կքննարկեն աշխատողների աշխատավարձը 20 տոկոսով բարձրացնելու հարցը։

«Մասնագետների արտահոսքը «Նաիրիտ»-ի համար ամենավտանգավոր երեւույթն է: Իսկ եթե աշխատավարձերը չբարձրացնենք, բնականաբար, կունենանք պրոբլեմ: Հիմա մենք «Նաիրիտ»-ի ղեկավարության հետ այդ հարցը քննարկում ենք, եւ իրենք մեզ ներկայացնում են երկարաժամկետ զարգացման ծրագրերը, որոնք ենթադրում են, որ աշխատավարձերը պետք է աճեն», - ասաց Տիգրան Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG