Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրով. «Եվրամիության հավաստիացումները համոզիչ չեն»


Լյուքսեմբուրգ. Սերգեյ Լավրովի ասուլիսը Եվրամիություն - Ռուսաստան հանդիպումից հետո, 28 ապրիլի, 2009

Ռուսաստանը կցանկանար հավատալ Եվրամիության հավաստիացումներին, որ դաշինքը չի փորձում ազդեցության ոլորտ ստեղծել նախկին խորհրդային տարածքում, սակայն դրանք դեռեւս բավականաչափ համոզիչ չեն: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Շատ կցանկանայինք հավատալ, որ Եվրամիության ծրագրած Արեւելյան գործընկերությունը նախկին խորհրդային վեց պետությունների հետ նպատակ չունի շրջափակել Ռուսաստանը», - DPA գործակալության վկայությամբ` ասել է Լավրովը Լյուքսեմբուրգում Եվրամիության դիվանագետների հետ հանդիպումից հետո եւ հավելել. - «Այդուհանդերձ, իմ լսած որոշ մեկնաբանություններ անհանգստացնում են մեզ»:

Մարտի 21-ին Ռուսաստանի արտգործնախարարը մեղադրել էր Եվրամիությանը հիշյալ ծրագրով նախկին խորհրդային տարածքում «ազդեցության ոլորտ» ստեղծելու փորձի մեջ:

Եվրամիության պաշտոնյաները քննադատել էին Լավրովի այդ հայտարարությունը: Եվրամիությունում նախագահող Չեխիայի արտտործնախարար Կարել Շվարցենբերգը, մասնավորապես, երեկ «անհեթեթություն» էր որակել այն: «Մենք այն տեսակետի համոզված պաշտպաններից ենք, որ չպետք է լինեն ազդեցության ոլորտներ` ո՛չ Ռուսաստանի, ո՛չ մեզ համար», - ընդգծել էր Շվարցենբերգը:

Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան, իր հերթին, վստահեցրել էր, որ Լավրովի մեղադրանքները պարզապես «ճիշտ չեն»: «Կա երկրների մի խումբ, որոնց հետ մենք հատուկ հարաբերություններ ունենք` հարեւան լինելու, առեւտրի, բազմաթիվ այլ պատճառներով: Մենք ցանկանում ենք հարաբերությունների մի մեխանիզմ հաստատել, որը ավելի կայուն է, ավելի ինստիտուցիոնալ, եւ դա որեւէ կապ չունի Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետ», - ասել էր Սոլանան:

Արեւելյան գործընկերության ծրագրի նախաձեռնող եւ հուլիսից Եվրամիության նախագահությունը ստանձնող երկրի` Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը շեշտել էր, որ «իմպերիալիստական հասկացություններով մտածում է Ռուսաստանը, այլ ոչ թե Եվրամիությունը»:

Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Մոլդովան եւ Ուկրաինան ընդգրկող Արեւելյան գործընկերության ծրագրի նախաձեռնությամբ Շվեդիան եւ Լեհաստանը հանդես են եկել 2008 թվականի սկզբին: Ծրագրի մեկնարկը Եվրամիությունը նախատեսում է տալ մայիսի 7-ին Պրահայում կայանալիք գագաթնաժողովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG