Մատչելիության հղումներ

Հայաստանում հանցագործությունների 57 տոկոս աճ է արձանագրվել


Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը երեքշաբթի օրը, ամփոփելով 2009 թվականի առաջին եռամսյակը, հայտնեց, որ երկրում հանցագործությունների աննախադեպ` 57 տոկոս աճ է արձանագրվել նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ:

«2009 թվականի առաջին եռամսյակում 2897 հանցագործության դեպք է գրանցվել` նախորդ տարվա 1844-ի դիմաց», - ասաց Հայաստանի ոստիկանապետը:

«Այս երեք ամիսների ընթացքում նվազում է արձանագրվել ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների ուղղությամբ` շուրջ 35 տոկոսով, իսկ աճ է արձանագրվել դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերով. 89-ից աճել է 244, ինչպես նաեւ ավազակության դեպքերը, կողոպուտի, գողության դեպքերը, այդ թվում` բնակարանային գողության, խարդախության, յուրացման կամ վատնման դեպքերը: Քրեական պատասխանատվություն նախատեսող ճանապարհատրանսպորտային դեպքերով նույնպես արձանագրվել է աճ», - տեղեկացրեց Ալիկ Սարգսյանը:

Այդուհանդերձ, ոստիկանապետը «բավարար» գնահատեց հանցագործությունների բացահայտման աշխատանքները եւ տեղեկացրեց, որ իր կողմից այսօր ստորագրված հրամանագրով ապրիլի 29-ից մայիսի 29-ը հայտարարվել է «Վահան» խորագրով միասյակ: Միամսյակի նպատակն է «տեսնել Հայաստանը առանց ապօրինի զենք զինամթերքի եւ թմրանյութերի շրջանառության»:

Անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարությանը` մայիսի 1-ին նախատեսված հանրահավաքի թռուցիկներ բաժանող ընդդիմության ակտիվիստների վրա կատարված հարձակման մասին, որին, ընդդիմադիրների պնդմամբ, չեն արձագանքել մոտակայքում գտնվող ոստիկանները, Ալիկ Սարգսյանը ասաց, որ վստահում է իր աշխատողներին եւ չի հավատում, թե ոստիկանները չեն միջամտել:

Ոստիկանապետը վստահեցրեց, որ հանձնարարել է պարզել այսօր մամուլում հրապարակված լուսանկարներում պատկերված անձնաց ինքնությունը:

«Ես արդեն հանձնարարել եմ հայտնաբերել այս նկարով տղաներին, բայց ես չեմ պատկերացնում մի բան, որ այս դեմքով անձինք, ում որ դուք պատկերել եք ձեր թերթում, ոստիկանի ներկայությամբ քաշքշում են, թռուցիկներ են ուզում խլեն, ու ոստիկանը չի միջամտում: Դա հնարավոր չէ», - հայտարարեց Ալիկ Սարգսյանը:

Լրագրողների խնդրանքով Ալիկ Սարգսյանը նաեւ մեկնաբանեց վերջերս իր հնչեցրած արտահայտությունը, թե Հյուսիսային պողոտան կառուցվել է ներկայիս իշխանությունների կողմից. թող ընդդիմադիրները գնան` իրենց իշխանությունների կողմից կառուցված տարածքում զբոսնեն:

«Ես ուղղակի կատակեցի այդ պահին, բայց, քանի որ դուք կատակը այդքան լուրջ եք ընդունում, ես ուղղակի ուզում եմ ասել. Հյուսիսային պողոտայի վերաբերյալ իմ հարցապնդումը եղել է հետեւյալը, որ հասարակական կարգը չխախտվի, որ Հյուսիսային պողոտայում մասսայական միջոցառումները օրենքի սահմաններում լինեն եւ չվերածվեն զանգվածային ինչ-որ անկարգությունների: Ընդամենը խոսքը վերաբերել է դրան»:

«Ես չէի կարող այն աստիճան պրիմիտիվ գտնվեի, որ ասեի Հյուսիսային պողոտան այս իշխանությունների օրոք է կառուցվել… ապա մենք ո՞ր պողոտայով իրավունք ունենք անցնելու, եթե 90 տոկոսը կոմունիստների օրոք է կառուցվել». - հավելեց Ալիկ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG