Մատչելիության հղումներ

Այսօր նախատեսված է Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստը


Այսօր նախագահ Աբդուլա Գյուլի նստավայրում` Չանկայա պալատում այսօր նիստ է գումարում Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը: Թուրքերեն այդ կառույցի անունն է` Milli Güvenlik Kurulu։

Նիստի օրակարգում էներգետիկ անվտանգության, Իրաքում վերջին զարգացումների եւ տարածաշրջանի խնդիրներն են։ Արտաքին գործոց նախարար Ալի Բաբաջանը եւ փոխքարտուղար Էրթուղուլ Ափաքանը զեկուցելու են Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին։

Today's Zaman պարբերականի փոխանցմամբ, մի բարձրաստիճան պաշտոնյա, որի անունը չի նշվում, հայտարարել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը եղբայրական հարաբերություններ ունեն, եւ դրանք տարբերվում են այլ երկրների հետ հարաբերություններից։

«Թուրքիան ցանկանում է երկխոսության եղանակով հաղթահարել հարեւանների հետ ունեցած խնդիրները, սակայն Հայաստանի, կամ որեւէ այլ երկրի հետ հարաբերություններում երբեւէ չի ձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք կարող են մտահոգություն պատճառել Ադրբեջանին, սա պետք է քաջ գիտակցեն բոլորը», - ասել է այդ պաշտոնյան եւ հավելել. - «Մեր հարաբերությունները հիմնված չեն նյութական շահի վրա: Ինչպես մենք նախկինում ընդգծել ենք` մենք երկու պետություն ենք, բայց մեկ ազգ»։

Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդն այդ երկրի առավել ազդեցիկ պետական օղակներից է։ Չանկայա նստավայրում նիստը նախագահելու է անձամբ Աբդուլա Գյուլը։ Ազգային անվտանգության խորհրդի անդամ են վարչապետն ու կառավարության առանցքային նախարարները, ինչպես նաեւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։

Ազգային անվտանգության խորհուրդը քննարկում եւ սահմանում է երկրի արտաքին եւ ներքին քաղաքականության առաջնահերթությունները որոնք տեղ են գտնում ազգային անվտանգության քաղաքականության փաստաթղթում, որը մամուլում եւ քաղաքական շրջանակներում հայտնի է նաեւ որպես «Կարմիր գիրք»։ Այն համարվում է թուրքական պետության ամենագաղտնի փաստաթղթերից մեկը եւ լրամշակվում է տասնամյակը մեկ կամ երկու անգամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG