Մատչելիության հղումներ

Ապրիլի 28-ի մամուլ


«ՀՅԴ-ն ընդդիմություն չի դարձել. վստահ են Հայ ազգային կոնգրեսում» խորագրի ներքո «Առավոտ»-ը գրում է. - «Կոնգրեսում, ի տարբերություն քաղաքական այլ գործիչների կամ ՀՅԴ-ի, չեն համարում, որ այդ որոշմամբ Դաշնակցությունը դարձավ ընդդիմություն եւ առավել եւս` կարող է Երեւանի ավագանու ընտրություններում հավակնել ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները խլելուն։ Այդ հնարավորությանը Կոնգրեսում հումորով են վերաբերվում»։ ՀԱԿ-ին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը «Առավոտ»-ին ասել է, թե իր անձնական վերաբերմունքը «ՀՅԴ-ի նկատմամբ նույնն է, ինչ եղել է 1999-ից ի վեր»։ Արամ Սարգսյանը չի հավատում ՀՅԴ-ի անկեղծությանը: Ըստ նրա, մի կուսակցություն, որը 11 տարի շարունակ կանգնած է եղել գործող իշխանությունների կողքին` նրանց հետ կիսելով այդ իշխանությունների պատասխանատվությունը երկրի ներսում տեղի ունեցող գործընթացների եւ վարած արտաքին քաղաքականության համար, ու հիմա էլ հայտարարում է, թե իշխանություններից դժգոհ լինելով հանդերձ նրա հրաժարականը չի պահանջելու, չի կարող իրեն ընդդիմություն համարել», - գրում է «Առավոտը»։ «Հանրապետություն» կուսակցության նախագահը միաժամանակ կարծիք է հայտնել, թե «չի հավատում ՀՅԴ-ի` իշխանական կերակրատաշտից հրաժարվելու պատրաստակամության անկեղծությանը եւ կուսակցության այդ որոշումը ավելի հեռահար նպատակներ ունի», որոնք մատնանշելուց Արամ Սարգսյանը ձեռնպահ է մնացել։

Նույն թերթը խմբագրականում, մասնավորապես, նշում է. - «Դաշնակցության դժգոհության մեջ տրամաբանություն կա: Այս վերջին զարգացումներից հետո, մնալով իշխող կոալիցիայի մեջ, այդ քաղաքական ուժը կկորցներ իր վերջին անկեղծ կողմնակիցներին՝ պահպանելով, բնականաբար, «կերակրատաշտին» ձգտող պատեհապաշտներին: «Դարավոր ոսոխի» եւ «արյան ծովի» գաղափարախոսությունը դավանող կուսակցությունը չէր կարող մնալ մի իշխանության մեջ, որի գործողությունները տագնապ են առաջացնում նույնիսկ ոչ ազգայնական շրջանակներում: Ոմանք ասում են, որ ՀՅԴ-ն, դուրս գալով կոալիցիայից, դարձյալ շարունակում է իր իշխանական խաղերը: Բացառված չէ: Այդ ամենը պարզ կդառնա մոտակա ամիսներին, եւ որոշիչը ոչ միայն Երեւանի ավագանու ընտրություններն են լինելու: Հայաստանում շատ ավելի էական «թեստեր» կան: Եթե մոտ ժամանակներս սկսեն «խորացած կերպով» ստուգել «դաշնակցականամերձ» գործարարների հարկային պարտավորությունները, կամ եթե Ամալյանի հանձնաժողովը «Երկիր մեդիայում» հայտնաբերի «լուրջ խախտումներ», ուրեմն ՀՅԴ-ի՝ կոալիցիայից դուրս գալը խաղ չէ: Հակառակ դեպքում՝ խաղ է»:

Թեման շարունակում է «Հրապարակ»-ը. - «Անկասկած, ՀՅԴ-ի՝ կոալիցիայից դուրս գալը քաղաքական նոր իրավիճակ ստեղծեց երկրում: Եվ դա չի կարելի կապել Երեւանի քաղաքապետի ընտրությունների հետ: Քիչ հավանական է, որ վերջին պահին ընդդիմություն դարձած ՀՅԴ-ն առաջիկա ընտրություններում մեծ հաջողություններ արձանագրի: Այնուամենայնիվ, նախագահական նստավայրում եւ կոալիցիոն մյուս գործընկերների թիմերում Դաշնակցության որոշումն աշխույժ քննարկումների տեղիք է տվել. Մի մասը խուճապի մեջ է՝ իշխանությունը թուլանալու իրավունք չունի, դա կարող է աթոռները կորցնելուն հանգեցնել: Մյուս մասը հրճվում է եւ հաշվում, թե Դաշնակցության թափուր թողած պաշտոններից քանիսին է կարողանալու տիրանալ: Պակաս բուռն չեն քննարկումները նաեւ ընդդիմադիր դաշտում, որտեղ շատ զգուշավոր են արտահայտվում ՀՅԴ-ի հասցեին եւ նույնպես որոշակի հավակնություններ ունեն: Րաֆֆի Հովհաննիսյանը, օրինակ, արդեն ողջունել է Դաշնակցության քայլը, իսկ Կոնգրեսը Ստեփան Դեմիրճյանի բերանով զգուշությամբ հայտարարել է, որ ազգային հարցերում պատրաստ են համագործակցել ցանկացած ուժի հետ»:

Նկատելով, որ կատարվածի առաջին էմոցիոնալ գնահատականը դրական է՝ «Չորրորդ իշխանություն» թերթը, այնուամենայնիվ, եզրակացնում է. - «Դաշնակցությունը պատրաստ է եղել Սերժ Սարգսյանի հետ «ճանապարհ անցնել» միայն այնքան ժամանակ, քանի դեռ համոզված է եղել, թե Սերժ Սարգսյանի իրական մտադրությունն արտաքին աշխարհին խաբելն է: Պարզ ասած՝ դաշնակները մտածել են մոտավորապես այսպես. «թող գնա ինչ բանակցություններ ուզում է՝ վարի, ում ինչ խոստում ուզում է՝ թող տա, միեւնույն է՝ դրանք բոլորը դատարկ խոսակցություններ են, նա վերջում բոլորին «քցելու է», ու ոչ մի փաստաթուղթ էլ չի ստորագրելու: Հետեւաբար՝ չարժե լուրջ ընդունել նրա ասածները»: Այլ կերպ ասած՝ «կոալիցիոն համագործակցության» հիմքում դրված է եղել արտաքին աշխարհին «ֆռցնելու» գաղափարը: Բայց խաբեության ռեսուրսը սպառվել է, Սերժ Սարգսյանը հայտնվել է դաժան իրականությանը դեմ-հանդիման եւ ստիպված է եղել կոնկրետ քայլերի դիմել, ու պարզվել է, որ ՀՅԴ-ն, պարզ ասած՝ «ուտելուն» մասնակցում է, իսկ վճարելու պահին ՝ «թռնում»: Սա է իրողությունը, եւ այստեղ բարոյականության նշույլ չկա»:

Պատասխանելով «Իրավունքը de facto»-ի հարցին՝ 90-ականններին ՀՅԴ-ն ծայրահեղական ընդդիմություն էր. հնարավո՞ր է, որ այժմ էլ նման վարքագիծ դրսեւորի, թե՞ լինելու կառուցողական ընդդիմություն, ինչպես հույս ունեն ՀՀԿ-ականները, Դաշնակցության Ազգային ժողովի խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասել է. - «Կառուցողական ընդդիմություն հասկացությանը թերահավատությամբ եմ վերաբերվում: Ի՞նչ է նշանակում կառուցողական կամ ոչ կառուցողական ընդդիմություն: Ոչ կառուցողական քաղաքական էլեմենտները դուրս են մղվում քաղաքական ասպարեզից, հայտնվում լուսանցքում: Երկրում կառուցողական պետք է լինեն բոլորը՝ քաղաքացիները, իշխանությունները, ընդդիմությունը: Դա բոլորի քաղաքացիական պարտքն է: Այդ առումով, անշուշտ, այո: Ինչ վերաբերում է ծայրահեղականությանը, ապա ծայրահեղ ընդդիմադիր դրսեւորումներ, այո, ունեցել ենք 90-ական թվականներին, քանի որ այդ ժամանակ վիճակն էր ծայրահեղ ծանր: Հիմա, կարծում եմ, դրա կարիքը չկա: Եվ հետո, այսօր երկրում ծայրահեղականների պակաս չի զգացվում, եւ կռապաշտ կիսաշիզոֆրենիկ քաղաքական շրջանակներ, ցավոք, մեզանում դեռ կան»: Հարցին, թե պատրաստվում են համագործակցել Հայ ազգային կոնգրեսի հետ, Հովհաննիսյանը արձագանքում է. - «Մենք չենք պատրաստվում, մենք նման ծրագիր, նման մտադրություն չունենք: Բայց քաղաքական զարգացումները ցույց կտան: Եթե նրանք կառուցողական դիրքերի վրա կանգնեն եւ որդեգրեն այն մոտեցումները, որ մենք ենք որդեգրել, ինչո՞ւ չէ, հնարավոր է դրա մասին մտածել: Բայց այսօր այդ մասին դեռ չենք մտածել: Մեր օրակարգում նման հարց չկա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG