Մատչելիության հղումներ

Արմեն Աշոտյան. «Հայաստանին հաջողվել է լուծել իր առջեւ կանգնած խնդիրը»


Հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանի կարծիքով` հայ - թուրքական հարաբերություններում ամենակարեւորը այն է, որ Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունից բխող շահերը «ներառված լինեն գերտերությունների խաղի կանոնների մեջ»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արմեն Աշոտյանը նկատեց, որ հայ - թուրքական հարաբերությունների ներկայիս փուլը ակտիվացել է Միացյալ Նահանգների նոր նախագահի վարչակազմի քայլերով, եւ թուրք - ամերիկյան հարաբերությունների խնդիրները «իրենց ուղղակի արձագանքը թողնում են նաեւ Հայաստանի հետ կապված խնդիրների վրա»:

«Մասնավորապես, հայ - թուրքական հարաբերությունների հարցը ինձ համար հստակ ածանցվում է մեր տարածաշրջանում ամերիկյան հետաքրքրություններից, եւ այս պահին ամենակարեւորը մեր իշխանությունների համար այն է, որ Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունից բխող շահերը ներառված լինեն գերտերությունների խաղի կանոնների մեջ եւ ընդգրկված լինեն որոշումների մեջ», - ասաց հանրապետական պատգամավորը:

Մեկնաբանելով ապրիլի 22-ի հայ - թուրք - շվեյցարական եռակողմ համաձայնությունը` Արմեն Աշոտյանը ասաց, որ թեեւ փաստաթուղթը «որեւէ բաց աղբյուրում տեսանելի չէ, բայց կան որոշակի մանրամասներ, թե ինչպիսի խնդիրներին է անդրադառնում»:

«Կարծում եմ, Հայաստանին հաջողվել է այս պահին լուծել իր առջեւ կանգնած խնդիրը, այն է` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար չվճարել ղարաբաղյան գին, եւ հայ - թուրքական հարաբերությունները պետք է լինեն երկկողմանի, առանց նախապայմանների համակարգ: Այս երկու մոտեցումները ընգրկված են, ըստ համապատասխան տեղեկությունների, վերջնական փաստաթղթում», - հայտարարեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG