Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը լքեց իշխող կոալիցիան


Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) դուրս է գալիս քաղաքական կոալիցիայից, դառնում է ընդդիմություն, հրաժարվում է պաշտոններից, բայց չի համագործակցելու Հայ ազգային կոնգրեսի հետ, նաեւ չի պահանջելու իշխանությունների հրաժարականը, որքան էլ անհաղթահարելի սկզբունքային տարաձայնություններ ունի նրանց վարած արտաքին քաղաքականության հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ-ի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

«Բնականաբար այս հայտարարության հիմքով մեր բոլոր քաղաքական եւ հայեցողական պաշտոնյաները ներկայացնում են իրենց հրաժարականի դիմումները եւ այդ գործընթացը արդեն սկսված է: Խոսքը վերաբերում է թե' գործադիր, թե' օրենսդիր պաշտոններին», - հայտարարեց Ռուստամյանը:

Երեկ Դաշնակցության կողմից կայացված նմանօրինակ որոշման պատճառը ապրիլի 24-ի նախօրեին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների համատեղ հայտարարության ընդունումն է, ինչպես նաեւ սկզբունքային տարաձայնությունները Հայաստան - Թուրքիա բանակցություններում արծարծվող որոշ դրույթների վերաբերյալ:

«Սահմանի բացման հետ կապված հարցը եղել եւ մնում է Թուրքիայի պարտավորությունը: Միջազգային պարտավորություն է դա. Թուրքիան պարտավոր է այդ սահմանը բացել, այլ ոչ թե փորձել դարձնել դա իր իավունքը, եւ ավելին, փորձել դա դարձնել լծակ, ճնշելու համար Հայաստանի վրա, որպեսզի նրանից ինչ-ինչ զիջումներ կորզի», - ասաց ՀՅԴ-ի գերագույն մարմնի ներկայացուցիչը: - «Երկրորդ խնդիրը ցեղասպանության ճանաչման հարցի հետ է կապված», - հավելեց Ռուստամյանը:

Ինչ վերաբերում է հարցին` արդյոք Հայաստանի իշխանությունները պատասխանատվություն կրո՞ւմ են այն բանի համար, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի իր ուղերձում չարտասանեց «ցեղասպանություն» բառը, Արմեն Ռուստամյանը ընդգծեց. - «Եթե չասեմ ուղղակի, ապա` այո, կոնգրեսականների այն մասը, որ հայկական բանաձեւերն է պաշտպանել, արդեն հայտարարում են այն մասին, որ, այո, եթե չլիներ այդ [հայ-թուրք-շվեյցարական] համաձայնագիրը, Օբաման մեծ դժվարություն էր ունենալու խուսափել «ցեղասպանություն» բառը արտահայտելուց»:

Արմեն Ռուստամյանը հայտարարում է ՀՅԴ-ի՝ կոալիցիայից դուրս գալու որոշման մասին , 27-ը ապրիլի, 2009 թ.
Արմեն Ռուստամյանը հաստատեց, որ կոալիցիայից դուրս գալու եւ պաշտոններից հրաժարվելու որոշումը կայացնելու նախօրեին` ապրիլի 25-ին, ինքն ու ՀՅԴ-ի Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդիպել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, քանի որ առանց նրա հետ հանդիպելու որոշում կայացնելը` «կոռեկտ չէր լինի»:

Սերժ Սարգսյանը, ըստ նրա, հավաստիացրել է, որ շարունակելու է հայ - թուրքական հարաբերությունները կարգավորել նույն տրամաբանությամբ, այսինքն` առանց նախապայմանների, փորձելով դա կատարել ողջամիտ ժամկետներում, թույլ չտալ որեւէ կապ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի հետ, ցեղասպանության խնդիրը եւս կասկածի տակ չդնել:

Հարցին` եթե նախագահը հիմնավորել եւ լուրջ հավաստիացումններ է տվել դաշնակցականներին, ինչո՞ւ են, ի վերջո դուրս, տալիս կոալիցիայից, արդյոք չե՞ն հավատում Սերժ Սարգսյանին, Արմեն Ռուստամյանը արձագանքեց. - «Դա մեզ չի բավարարում: Իհարկե, մենք այդպես ցանկանում ենք, ես չեմ ուզում կասկածել նախագահի ցանկությունների վրա: Բայց ես հարցը բոլորովին այլ դաշտում եմ տեսնում` ինչ գործընթացի մեջ ենք ներքաշվում, եւ այստեղ մի կողմի խաղ չէ, այստեղ բազմակողմ արդեն դաշտում ենք մենք հայտնվել»:

Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչը հերքեց այն տեսակետները, թե նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ են քննարկել իրենց հետագա քայլերը, հերքեց նաեւ այն կարծիքը, թե Սփյուռքի դաշնակցականների ճնշման տակ են դառնում ընդդիմություն:

Իսկ «Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը` արդյոք Դաշնակցության այս կեցվածքը պայմանավորված չէ՞ քաղաքապետի առաջիկա ընտրություններով, որպեսզի ընդդիմադիր իմիջ ձեռք բերեն, Ռուստամյանը հակադարձեց. - «Երեւան քաղաքի ընտրությունները համապետական ընտրություններ չեն, սա` մեկ: Երկրորդը` մենք երբեք նման հայտարարություն չենք արել մինչեւ հիմա կոալիցիայից դուրս տալու մասին: Դաշնակցությունը այսպիսի հայտարարությո՞ւն է արել 2007 թվականին, այսպիսի բան եղե՞լ է»:

Չնայած տարաձայնություններին եւ ազգային շահերին սպառնացող վտանգի մասին հայտարարություններին, ըստ Ռուստամյանի, Դաշնակցությունը «հավասարակշռված ընդդիմություն» կլինի, ծայրահեղ քայլերի չի գնա, եւ պետք է իշխանությունների եւ ընդդիմության համագործակցության օրինակ ծառայի:

Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի հետ համագործակցությանը, Ռուստամյանը հայտարարեց. - «Կոնգրեսի հետ մենք ունենք լուրջ տարաձայնություններ: Հենց նույն այս հարցերում հայտնի չէ Կոնգրեսը նույն բանը չէ՞ր անի արդյոք: Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ մենք հակադրվում էինք այս խնդիրներով, ինքը ինչ, շատ տարբե՞ր տեսակետներ ուներ»:

Հայ հեղափոխական դաշնակցությունը ապրիլի 23-ի հայտարարությամբ արձանագրել էր, որ հայ-թուրք-շվեյցարական համատեղ հայտարարությունը «ենթադրում է բացասական առումով Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխություն, ինչը կուսակցության համար հիմք է հանդիսացել քննարկել կոալիցիային մասնակցության «նպատակահարմարության» հարցը:

Իշխող կոալիցիան ձեւավորվել էր 2008 թվականի մարտի 21-ին Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» կուսակցությունների եւ Հայ հեղափոխական դաշնակցության միջեւ ստորագրված հուշագրով:

Կարդալ մեկնաբանությունները (5)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG