Մատչելիության հղումներ

Ապրիլի 25-ի մամուլ


«Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը գրում է. - «Անբնական եւ վիրավորական է այն միտքը, թե բանակցող կողմերը շատ ավելի վաղ էին որոշել հարաբերությունների նորմալացման մասին հայտարարությունը հարմարեցնել հայոց պատմության ամենաողբերգական ամսաթվին, սակայն հենց այդպես էլ եղավ ապրիլի 24-ի նախօրեին արված հայտարարությունը: Թերեւս, եթե խորամուխ լինենք միջազգային խրոնիկայի մեջ, միշտ էլ կարելի է հանդիպել այս կամ այն աղմկոտ իրադարձությունը ազգային օրացույցի նշանակալի օրվան հարմարեցնելու նախադեպերի: Առավել հաճախ է նման բանը իրականացվում այն երկրներում, որտեղ ազգային էլիտան լրիվ ինքնակամ վերահսկվում է դրսից: Վրաստանի կամ Իրաքի նորագույն պատմությունը դրա համոզիչ հաստատումն է` Միխեիլ Սահակաշվիլին հեղաշրջումը սկսեց հենց Գեորգոբայի օրը, Սադամ Հուսեյնին պետք է մահապատժի ենթարկեին հենց Կուրբան Բայրամին: Արժե՞ արդյոք զարմանալ, որ 2009 թվականի ապրիլի 24-ին միջազգային լրատվամիջոցները Ցեղասպանության թեման ներկայացնում էին հենց երկու հարեւան երկրների միջեւ հարաբերությունների ջերմացման եւ հիշյալ ճանապարհային քարտեզի համատեքստում, որի մասին ուղիղ հաշվով ոչինչ հայտնի չէ»:

Նույն առիթով «Ազգ»-ը գրում է. - «Ժամանակին, Տեր-Պետրոսյանի օրոք, երբ քիչ էր մնում ԼՂՀ հարցի կարգավորման «փուլային» տարբերակին համաձայնեինք, այդ պատճառով ի վերջո հրաժարական տվեց առաջին նախագահը, ի դեպ նույն գաղտնապահությունն էր, եւ ոչ ոք, բացի 2-3 հոգուց, պաշտոնապես տեղյակ չէր, թե ի վերջո այդ ի՞նչ է փուլային լուծումը: Իսկ հիմա այն ժամանակից ավելի թունդ մի իրավիճակի ականատեսն ենք կարծես` Հայաստանի քաղաքական ուժերից ոչ մեկը գոնե իրենց առաջնորդների մակարդակով տեղյակ չէ, թե այդ ի՞նչ ճանապարհային քարտեզ է, ի՞նչ խնդիրներ է լուծելու, ի՞նչ ենք տալու – ի՞նչ ստանանք, երբ: Համենայն դեպս` հարգելով դիվանագիտական գաղտնիությունը, միաժամանակ երկրի անվտանգության շահերից ելնելով, կարելի էր «անանուն աղբյուրների» օգնությամբ հայկական մամուլում բացահայտել այս քարտեզի էությունը, որ գոնե մինչեւ անսպասելի «նվերը» հայերս մի բան իմանայինք մեր գլխին գալիքի մասին»:

«Ճանապարհային քարտեզի» վերաբերյալ ինֆորմացիոն արտահոսքի մասին «Առավոտ»-ի հարցին արձագանքել է Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը. - «Այս մեկ տարվա ընթացքում, ինչ սկսվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված պրոցեսը, տարբեր երկների տարբեր ԶԼՄ-ներ այնքա՞ն աղբ են հրապարակել: Սա պաշտոնական փաստաթուղթ չէ: Պաշտոնական ես կհամարեմ այն, ինչ կհրապարակի մեր ԱԳՆ-ն, որովհետեւ փորձը ցույց է տվել, որ ցանկացած նմանատիպ պրոցեսի ընթացքում հրապարակված տեղեկությունների 80 տոկոսը կապ չունի իրականության հետ: Ինձ համար «Սաբահի» հրապարակման մեջ շատ ավելի կարեւոր բան կա. հենց թուրքական թերթի այդ հրապարակման համաձայն, «ճանապարհային քարտեզում» Ղարաբաղի հարցը` որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման, նշված չէ»:

«Ժամանակ»-ը զուգահեռներ է անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մոսկովյան հանդիպումների միջեւ. - «Եթե Իլհամ Ալիեւի հետ Մոսկվայում քննարկել են Ադրբեջանի «Շահ Դենիզ» հանքավայրի գազը գնելու, այդ երկրին զենք վաճառելու հնարավորությունները, ապա Հայաստանի պարագայում խոսքը գնացել է ընդամենը ամիսներ առաջ խոստացված 500 միլիոն դոլարի ռուսական վարկի տրամադրման մասին, ու եթե նախկինում դա տրամադրելու համար որեւէ նախապայման առաջ չէր քաշվում, ապա հիմա ռուսական կողմը դրա դիմաց ակնկալում է, որ Հայաստանը կընդառաջի ԼՂ խնդրի կարգավորման գործում Մոսկվայի նախաձեռնություններին: Այլ լուրջ խնդիր Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները ուղղակի չեն քննարկել: Թե ռուսական, թե հայկական լրատվամիջոցները այդ հանդիպման մասին իրենց լուսաբանումներում որպես գլխավոր իրադարձություն, ներկայացնում էին այն, որ երկու նախագահները գնացել էին ձկնորսության, ու որ Սերժ Սարգսյանն այդ հարցում ավելի հաջողակ է եղել (նրա կարթը իշխան էր ընկել)»:

Երեկ 7or.am էլեկտրոնային թերթի թղթակիցը Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում փորձել է Երկրապահ կամավորականների միության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանից մեկնաբանություն ստանալ հայ-թուրքական ներկայիս հարաբերությունների, ապրիլի 22-ին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունների կողմից ընդունված համատեղ հայտարարության վերաբերյալ, բայց գեներալը ասել է հետեւյալը. - «էսօր սգո օր է, հարցերի վախտ չի, եկեք, եկեք գնանք քեֆ անենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG