Մատչելիության հղումներ

Խոսում են մտավորականները


Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ Ցեղասպանության զոհերին հարգանքի իրենց տուրքը մատուցելու էին գալիս նաեւ հայ մտավորականության ներկայացուցիչները, որոնցից մի քանիսը «Ազատություն» ռադիոկայանի հետ կիսեցին իրենց զգացողություններն ու մտորումներները:

Արձակագիր, գրականագետ Նորայր Ադալյանի համոզմամբ, Հայոց ցեղասպանությունը պիտի դիտարկել ոչ միայն որպես պատմական փաստ:

«Ցեղասպանությունը այսօր էլ շարունակվում է: Քանի դեռ մեր հայոց պահանջատիրությունը, որը ունի մի քանի կարեւոր շերտեր՝ աշխարհագրական, ազգագրական, հոգեւոր, մտավոր, զգացմունքային եւ այլն, քանի այս շերտերը իրենց պատասխանները չեն գտել, ցեղասպանությունը շարունակվում է», - ասաց Ադալյանը: -«Մեղքի չընդունումը Թուրքիայի կողմից գուցե ավելի մեծ մեղք է»:

Դրամատուրգ Կարինե Խոդիկյանի խոսքով, հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրներից առաջ հարկավոր է լուծել ներհայաստանյան խնդիրները:

«Այսպիսի որոշումներ [հայ-թուրքական համատեղ հայտարարությունը] ընդունելու համար պետք է թիկունքդ ամուր լինի եւ երկիրդ ամուր լինի», - ասաց նա: - «Իսկ այսքան թույլ, այսքան անկամ, այսքան պատին դեմ տված երկիր, պետականություն եւ նախագահ, ես կարծում եմ, որ մենք երբեւէ չենք ունեցել: Եվ շատ սխալ կլինի այսպիսի վիճակում, երբ երկիրը երկու մասի է բաժանված քո ներսում, դու դրսի խնդիր ես լուծում»:

Արձակագիր, «Դրօշակ»-ի գլխավոր խմբագիր Ռուբեն Հովսեփյանի խոսքով, հայերիս շատ է խանգարում ու ճնշում մեր զգացմունքայնությունը՝ թե Ցեղասպանության, թե հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված:

«Չորրորդ համարում [«Դրօշակ»-ի] տպագրում եմ մի թուրք մտավորականի հոդված, որը, ի դեպ, ծնվել, մեծացել է թուրք սպայի ընտանիքում՝ քեմալական դաստիարակությամբ: Բայց ինչ-ինչ հանգամանքների բերումով, սկսել է պատմության մեջ խորանալ: Եվ այս հոդվածը հենց այդ խորանալու արդյունք է: Ինքը ներողություն խնդրող թուրք մտավորականների ցուցակում է, բայց ներողություն խնդրելը իրեն չի բավարարել: Նույնիսկ կոչ է անում իր հոդվածի մեջ, որ ոչ թե պիտի միայն ներողություն խնդրեն իր հայրենակիցները, այլեւ պիտի ծունկի գան ու լացեն: Իմ հույսը նման մարդկանց ավելանալն է Թուրքիայում: Հիմա այսօր Օբաման ցեղասպանություն բառը կարտասանի, թե չի արտասանի, ինձ համար այդքան կարեւոր չէ: Մեզ պետք է իրական ճանաչումը: Ինձ պետք չէ, որ իր պետությունը ճանաչի, պետք է որ հասարակությունը ճանաչի»:

Գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը ասաց, այս անգամ, որպես Ցեղասպանությունը հաստատող փաստարկ, ուզում է վկայակոչել հենց Թալիաթի անձնական նոթատետրը:

«Թուրքական Huttiet թերթի թղթակից Մուրադ Բարդակչին Թալեաթ փաշայի ժառանգներից գնել է Թալեաթ փաշայի անձնական նոթատետրը եւ հրապարակել է թերթում: Այդ նոթատետրում այդ մեծ վեզիրը ունի գրառումներ. օրինակ, Էրզրում - առաջ` 125 հազար 657, այժմ՝ 0, Բիթլիս՝ 114 հազար, այժմ՝ 0.. Եվ, այսքանով էլ չբավարարվելով, նա տակը գիծ է քաշել եւ 30 հայկական բնակավայրերի զոհերի թիվը իրար գումարելով, իր ձեռքով գրել է՝ 972 հազար», - պատմեց Ջանիկյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG