Մատչելիության հղումներ

Կարող է կազմակերպվել Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հանդիպում


Մեթյու Բրայզա
Մեթյու Բրայզա

Մոտ ապագայում կարող է կազմակերպվել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ պետությունների` Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հանդիպումը` նվիրված Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այս մասին Բաքու ժամանելուն պես լրագրողներին ասել է Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի օգնական, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:

Միաժամանակ, ամերիկացի դիվանագետը կրկին խուսափել է Ղարաբաղյան հարցի կարգավորման կոնկրետ ժամկետներ նշել:

«Դժվար է ասել, թե վերջնականապես երբ կկարգավորվի խնդիրը: Դա կարող է տեղի ունենալ մի քանի ամսվա կամ էլ մեկ տարվա ընթացքում», - ասել է Բրայզան` հավելելով. - «Համանախագահները կոգտագործեն դիվանագիտական բոլոր միջոցները Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ շրջանակային համաձայնագրի կնքմանը հասնելու համար»:

Այդ համաձայնագրի հիմքում, ըստ Մեթյու Բրայզայի, լինելու են կարգավորման հիմնարար սկզբունքները:

Ամերիկացի միջնորդի գնահատմամբ` այսօր բանակցային գործընթացում ամեն ինչ կախված է նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի քաղաքական կամքից:

Խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր բանակցությունների հավանականության մասին` Բրայզան ասել է. - «Հույս ունեմ, որ նախագահները կհանդիպեն մայիսի 7-ին Պրահայում»: Այդ օրը Չեխիայի մայրաքաղաքում կայանալու է Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկված պետությունների առաջին գագաթնաժողովը, որին հրավիրված են թե Իլհամ Ալիեւը եւ թե Սերժ Սարգսյանը:

«Մենք հույս ունենք, որ նախագահների հանդիպումը կկայանա մոտ ապագայում, սակայն ամեն ինչ կախված է բանակցային գործընթացում արձանագրված առաջընթացից», - հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG